կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 16:35
Քաղաքական

ՀԱԿ-ից՝ ԲՀԿ

ՀԱԿ-ից՝ ԲՀԿ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության կամուրջները չի այրում, բայց այս փուլում նախընտրում է համագործակցել ԲՀԿ-ի հետ:

«Ես ոչ մի կամուրջ չեմ այրում, բայց համագործակցում եմ ԲՀԿ-ի հետ: Դա չի նշանակում` կամուրջներն այրել, մի այլ բան է` թե որտեղ են քո կուսակցության շահերը համընկնում այս կամ այն քաղաքական ուժի հետ: Տվյալ դեպքում ՀԱԿ-ի հետ որևէ առնչություն չունեմ այսօր և այնտեղից որևէ համագործակցության առաջարկ չի եղել»,- ասաց պատգամավորը և ընդգծեց, որ այն իրավիճակում, որում ինքն է հայտնվել, ընտրության հնարավորությունը մեծ չէ:

«Իսկ ի՞նչ պետք է անի քաղաքական ուժը, բնականաբար, պետք է գտնի նոր գործընկերներ, նոր համախոհներ, որոնց հետ քաղաքական մոտեցումները կհամընկնեն: Տվյալ դեպքում` ԲՀԿ-ի հետ, ինչպես դեռևս մի քանի տարի առաջ մենք սկսեցինք մեր համագործակցությունը և բարեհաջող շարունակում ենք»,- ասաց Սարգսյանը:

Ի դեպ, նա առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր և ԲՀԿ-ի համագործակցությունը ևս առանց վերապահումների չի տեսնում: ՀԱԿ խմբակցության պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ապագայում կերևա՝ որ քաղաքական ուժի հետ կհամագործակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

«Ես ոչինչ չեմ բացառում, այդ կապակցությամբ որևէ հստակություն չկա, բայց ասեմ, որ չի բացառվում նաև որևէ այլ քաղաքական ուժի հետ համագործակցություն: Ես քաղաքականությունում բացառում եմ միայն անբարո պահվածքը, իմ մասով` քաղաքականության մեջ  մրցակիցներին հարվածելը և դրա արդյունքում որոշակի դիվիդենդներ ստանալը, բայց դեռ հարց է` կստանա՞ս, թե՞ կկորցնես: Ինձ համար քաղաքականությունն անբարոյականություն չէ, քաղաքականությունը համագործակցություն է, փոխըմբռնում է, երկրի շահերով առաջնորդվելու տեսլական»,- նշեց մեր զրուցակիցը: