կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-31 04:19
Առանց Կատեգորիա

ՀԱԿ-ն ընդ ՀԱԿ-ան

ՀԱԿ-ն ընդ ՀԱԿ-ան

Ո՞ւմ է համաներել Սերժ Սարգսյանը: Քրեական հանցագործներին: Ո՞ւմ են ազատել բանտից ըստ ՀԱԿ-ի` քաղաքական բանտարկյալների:

Սպասեք հալա` կասեր Արուսը «Հարսնացու հյուսիսից» ֆիլմում: Ուրեմն նորից ենք հարցնում` ո՞ւմ է համաներել Սերժ Սարգսյանը: Այո, քրեական հանցագործություններ կատարած մոտ 1000 մարդու: Այդ համաներման արդյունքում ովքե՞ր են ազատվել բանտերից ըստ ՀԱԿ-ի: Այո, քաղբանտարկյալները: ՀԱԿ-ն ի դեմս իր խոսնակի դարձյալ պնդեց, որ իշխանությունն իրենց պայքարի ճնշման տակ ազատ արձակեց Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին: Իշխանությունն էլ ասում է, որ մեզ մոտ քաղբանտարկյալ չի եղել, ինչպե՞ս կարող էի ես քաղբանտարկյալներին համաներել:

Դե արի ու այս ռեբուսը լուծիր:

ՀԱԿ-ի ակտիվիստները հիմա ո՞ւմ են ուսերին դրած վեր-վեր թռցնում: Մուսինյանն ասում է` քաղբանտարկյալներին, իսկ իշխանությունն էլ թե` այն համաներված 1000 մարդուց մեկ-երկուսին: Այս երկխոսության վրա կարելի է «խփնվել», եթե ձեռքդ թափ չտաս ու չասես` ինչ ուզում եք ասեք, ինչպես ուզում եք մեկնաբանեք:

Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն մի ավելի սկզբունքային գործիչ կասեր` չէ, եղբայր, մեր տղերքին նորից տարեք բանտ եւ բանտից ազատեք որպես քաղբանտարկյալների: Բայց` ոչ: Գրկել են իրենց «քաղբանտարկյալ» տղերքին ու վեր-վեր են թռցնում: Հիմա ինչպե՞ս է ՀԱԿ-ը եվրոպացիներին բացատրելու, թե ինչ եղան քաղբանտարկյալները: Ազատվեցի՞ն, կհարցնեն եվրոպացիները: Ո՞ր հրամանագրով: Համաներումո՞վ…

- ՀՀ իշխանություններն այդ ինչ հանցագործներ էին, որ իրենց ոտով, սարերով, ձորերով, ոչխարը բերում էին մթերակայան,- կհարցնեն եվրոպացիները:

- Բայց նրանք մեր պահանջների ճնշման տակ ազատ արձակեցին քաղբանտարկյալներին,- կասի ՀԱԿ խոսնակն ու դոշերը կճղի…

- Շորերդ հագի, շորերդ,- կասեն եվրոպացիները,- քեզնից քաղբանտարկյալ դուրս չի գա:

Դժվարանում եմ ասել, նման մի երկխոսություն տեղի կունենա՞ եվրոպացիների ու ՀԱԿ-ի միջև, թե՞ ոչ: Բայց եթե տեղի ունենա, վատ չի լինի: Գուցե հայտնվի մի եվրոպացի ու ՀՀ իշխանություններից ներողություն խնդրի, որ, ՀԱԿ-ի խելքին ընկնելով, պատժամիջոցներ են կիրառել Հայաստանի նկատմամբ: ՀԱԿ-ը, ախր, երեք տարի շարունակ իրենց համոզում էր, թե Հայաստանը լիքն է քաղբանտարկյալներով: Ուրիշ ի՞նչ կարող էին անել:

Հիմա, երբ ազատվել են բոլորը եւ նրանց մեջ, պարզվեց` քաղբանտարկյալ չկա, Մուսինյանը հայտարարում է, թե իրենք պատրաստ են երկխոսության, քանի որ այլևս ոչ մի քաղբանտարկյալ բանտերում չկա: Երկխոսության օրակարգն էլ, ինչպես ինքն է ասում, թելադրելու է ՀԱԿ-ը, այսինքն` արտահերթ ընտրությունների անցկացում եւ իշխանափոխություն:

«Երկխոսություն ասելով` մենք նկատի ենք ունեցել պահանջների կատարումից հետո երկու կողմերի ներկայացուցիչների կողմից հանդիպումների շարքը»,- երազել է Մուսինյանը: Մոռացել է վայթե, որ մեկ ամիս առաջ մի հայտարարությամբ ասել էին, որ իրենք կերկխոսեն բացառությամբ գործադիր իշխանության հետ: Հետաքրքիր է իմանալ, իշխանության կողմի ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ ի՞նչ է երկխոսելու Մուսինյանը կամ ՀԱԿ-ը: Նրանց կարո՞ղ են համոզել, որ իշխանափոխվեն:

Չէ, էս թթվից թթու հոտ է գալիս, պարո'ն Մուսինյան: Դեռևս ոչ մեկին այս աշխարհում չէր հաջողվել այնպիսի սուտ ասել, որ ես ասեի` սուտ է: Պիտի խոստովանեմ, որ դուք առաջինը եղաք: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև, նախ` առաջիկայում Մարզահամերգային համալիրում, հավանաբար, Սերժ Սարգսյանի հրավերով նոր միջկուսակցական խորհրդակցություն տեղի կունենա, եւ ՀԱԿ-ը կներկայանա այդ խորհրդակցությանը, որի օրակարգը կլինի բոլորովին այլ մի բան, քան արտահերթ ընտրությունների անցկացման հարցի քննարկումը:

Եվ ապա, սա շատ կարևոր է ձեզ չհավատալու համար, դուք ոչ մի երաշխիք չունեք, որ, Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանություններից բացի, Հայաստանում կգտնվի մի ուրիշ իշխանություն, որ կհանդուրժի այս կարգի դիմակահանդեսները: Այնպես որ, ՀԱԿ-ը եթե մի բան էլ երկխոսի, երկխոսելու է 2013 թվականին, էլ չասեմ, թե ում թեկնածությունը պաշտպանելու ձևերի շուրջ:

Համաներումը լավ բան է: Չորս կողմը ուրախություն է, ծափ ու ծիծաղ, գրկախառնություններ: Բոլոր ազատ արձակվածներին իրենց հետագա կյանքում երջանկություն ու ընտանեկան անդորր եմ մաղթում: Սասունին ու Նիկոլին նույնպես: Ու մեկ էլ` թող բոլորը, հոգնած, հեռու տեղից եկած տանտիրոջ պես, տուն մտնեն, նստեն իրենց հարմարավետ բազմոցին ու մի քիչ փիքր անեն էս աշխարհի բաները… ո՞նց եղավ որ այսպես եղավ…

Էդիկ Անդրեասյան