կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-25 16:10
Հասարակություն

Ինձ գերազանց եմ զգում` ավելի լավ, քան ինֆարկտից առաջ․ տեր Վրթանես Բաղալյան

Ինձ գերազանց եմ զգում` ավելի լավ, քան ինֆարկտից առաջ․ տեր Վրթանես Բաղալյան

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես Բաղալյանը 2 վիրահատությունից հետո իրեն գերազանց է զգում։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Գերազանց է առողջականս, նույնիսկ ավելի լավ եմ, քան ինֆարկտից առաջ։ Վիրահատություններս Էջմիածնի «Մաստեր Մեդ» ԲԿ-ում են իրականացվել, շատ գոհ եմ այնտեղի բուժանձնակազմից ու շնորհակալ բոլորից։ Այժմ արդեն 5 հատ ստենտ ունեմ, այդ առումով արժեքս բարձրացել է»,–ասաց տեր Վրթանեսը։

Նա նշեց, որ ներկայում դեղորայքային բուժում է ստանում, իսկ բժշկի մոտ 1 ամիս հետո է գնալու, որպեսզի դեղորայքի չափաբաժինները փոխեն։ Տեր Վրթանեսը վստահեցրեց, որ բուժումը ծառայությանը չի խանգարում. երեկ դուրս է գրվել հիվանդանոցից ու գնացել Բյուրականի Խրիմյան Հայրիկի անվան կրթարան` աշխատանքի։

Պսակի, մկրտության կամ այլ արարողություններ դեռ չի կատարում. վիրահատությունից հետո որոշ ժամանակ է պետք, որպեսզի ամբողջությամբ կազդուրվի, բայց կարծում է` մյուս շաբաթվանից արդեն կկարողանա ծեսեր անցկացնել։ Տեր Վրթանեսը նշեց, որ մինչ այդ Բյուրականի եկեղեցում իրեն փոխարինում ու պատարագներն անցկացնում է նորաօծ քահանաներից մեկը։

Զրույցի վերջում տեր Վրթանեսը հույս հայտնեց, որ հայ ժողովուրդն ավելի միասնական կդառնա, կհամախմբվի ու Հայ առաքելական սուրբ եկեղեցու, վեհափառ հայրապետի կողքին կլինի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները գնացել էին Մայր աթոռ` նամակ փոխանցելու։ Մայր աթոռում նաև նախատեսված էր միասնական աղոթք, իսկ հավատավոր ժողովուրդը հավաքվել էր իր աջակցությունը հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին։ Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացավ միասնական աղոթքից հետո, երբ 10 եպիսկոպոսների և Փաշինյանի աջակիցները ոտքերով հարվածում էին Մայր տաճարի դռներին։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրին, պարզվեց, որ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։ Հիվանդանոցում նա 2 վիրահատություն տարավ. առաջինի ժամանակ տեղադրվեց սրտի 2, երկրորդի ժամանակ` ևս 3 ստենտ։