|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Մեկ տասնյակից ավելի երկրներ դատապարտել են Իսրայելի կառավարության կողմից օկուպացված Արևմտյան ափում 19 նոր բնակավայրի կառուցման հաստատումը՝ նշելով, որ դա խախտում է միջազգային իրավունքը և անկայունություն հրահրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Մենք կոչ ենք անում Իսրայելին չեղարկել այս որոշումը, ինչպես նաև բնակավայրերի ընդլայնումը», - նշվում է Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Մալթայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Իսպանիայի կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ նման միակողմանի գործողությունները ոչ միայն խախտում են միջազգային իրավունքը, այլև կարող են անկայունություն հրահրել։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը X միկրոբլոգում գրառման մեջ մերժել է օտարերկրյա պետությունների հայտարարությունը՝ նշելով, որ որոշման նպատակն է օգնել լուծել Իսրայելի առջև ծառացած անվտանգության սպառնալիքները։
«Արտասահմանյան կառավարությունները չեն սահմանափակի հրեաների իրավունքը՝ ապրել Իսրայելի հողում, և ցանկացած նման կոչ բարոյապես սխալ է և խտրական հրեաների նկատմամբ», - ասել է նա։
Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափում 19 նոր հրեական բնակավայրի կառուցման առաջարկը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելն արագացրել է բնակավայրերի կառուցումը և հայտարարել Արևմտյան ափում իր ներկայությունն ընդլայնելու ծրագրերի մասին։ Այդ բնակավայրերը միջազգային իրավունքի համաձայն համարվում են անօրինական։