կարևոր
568 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-24 21:09
Աշխարհ

Բռնել պատմության քննությունը, ղեկավարվելով ազգային գաղափարախոսության հրամայականով

Բռնել պատմության քննությունը, ղեկավարվելով ազգային գաղափարախոսության հրամայականով

Հայոց համար անցնող եօթ տարիները բացասական իրողութիւնների առումով եղան բախտորոշ…։

Դառն իրողութիւնների շարունակութիւնը լինելու է «օրինաչափ», եթէ 2026-ին եւս վերարտադրւի ՀՀ-ում կառավարական-իշխանական համակարգը բռնազաւթած ապազգային խմբակցութիւնը։

Խմբակցութիւն, որն իր նկարագրից ելնելով՝ փորձել ու փորձում է հայութեանը «համոզել», որպէսզի հրաժարւի ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԻՒՆ»-ից ու որդեգրի «ՆՈՐ ՈՒՂԻ»։

Այսօր, սակայն, երիցս փաստւել է, որ անցնող եօթ տարիներում ապազգային ուժերի առաջարկած «ՆՈՐ ՈՒՂԻՆ», ինչպէս ժամանակին բնութագրել է հռչակաւոր ակադեմիկոս-պատմաբան Լենդրուշ Խուրշուդեանը, «Ազգին  տանում է դէպի անխուսափելի կործանում»։

Առջեւում Նոր Տարին է՝ 2026-ը։ Իշխանական խմբակի համար մէկ կողմից, իսկ միւս կողմից՝ հասարակական լայն շերտերի ու մասնաւորապէս ընդդիմադիր ուժերի համար, սոյն թւականի յունիսեան պառլամենտական ընտրութիւնները համարւում են շրջադարձային եւ ինչու չէ նաեւ՝ բախտորոշ։ Այն իմաստով, որ երկու ճամբարներում յայտնւած կողմերից մէկի կամ միւսի յաջողութիւնը՝ ընտրութիւններում, կը նշանակի հակադիր կողմի ձախողում…։

Թէեւ որպէս խմբակցութիւն, բայց իշխանական խունտան, ինչպէս նախկին եօթը տարիներում, այժմ եւս վայելում է արտաքին՝ անգլօ-թուրքական քաղաքական-քարոզչական եւ յատկապէս ֆինանսական նեցուկը։ Իսկ սրա հիմնապատճառը՝ անգլոթուրքական աշխարհա-քաղաքական հնամենի նպատակներն են, որոնց կենսագործման համար, անհրաժեշտ է  Հայաստանում իշխանութեան լինեն լոկ ապազգային ուժերը։  Նոյն աշխարհագրաքաղաքական նպատակների առանցքում է պանթուրքիզմը, որն այսօր եւս արդիական օրակարգ է նոյն անգլեւթուրք դաշինքի համար։ Հետեւաբար, անտեղի չէ  փորձագէտների բարձրաձայնւող այն միտքը, ըստ որի՝ հաւաքական արեւմուտքի համար Հայաստանը ամբողջովին պէտք է կառավարւի  թուրքական աշխարհաքաղաքական ու տնտեսական տիրոյթում ու վերահսկողութեամբ։ Այս ամէնի նախապայմանը, սակայն, հայոց ազգային գաղափարախօսութիւնն ու պատմական յիշողութեան զրոյացումն է…, որին, ինչպէս ասւեց արդէն, լծւած է անցնող եօթ տարիներին հայրենադաւ իշխանութիւնը։ Իշխանութիւն, որն նպատակադրել է մէկ անգամ եւս «ապացուցել», որ ինքն ժողովրդաընտիր է։ Այդ ճամբին նա ունակ է դիմելու ամէն միջոցի, կիրառելով ուժ եւ բռնութիւն՝ բոլոր կարգի ընդդիմախօսների ու յատկապէս ազգային գաղափարախօսութեանը կառչած մնացող գերակշիռ խաւերի ու միաւորների նկատմամբ։ Արդէն իսկ միջազգային տարբեր կառոյցների ներկայացուցչութիւններն ու փորձագէտներն են բարձրաձայնում երկրում բռնադատւած ու կալանաւորւած քաղբանտարկեալների օրաւուր աճող թւաքանակի մասին։ Մեծ զարմանք ու հիասթափութիւն են յայտնում նոյն միջազգային կառոյցներն ու միաւորները, ի տես « աշխարհում Քրիստոնէութիւնն առաջինն ընդունած   երկրում հոգեւորականութեանը որպէս քաղբանտարկեալներ կալանաւորելու առթիւ։ Վերջին շրջանում նմանատիպ հիասթափութիւնը նոր ծաւալ է ստացել , Հայոց Առաքելական Եկեղեցու դէմ շղթայազերծած անբարոյ յարձակումների բերումով։ Ա՛յն Եկեղեցու եւ յատկապէս Նրա ա՛յն սպասաւորների դէմ, որոնք հաւատարմօրէն ու անզիջում՝ յիշում ու պահանջատէր են Հայոց Արցախի ոտնակոխւած իրաւունքների վերականգնման խնդրով, ի հեճուկս ադրբեջանաթուրքական հայատեաց կեցւածքների առջեւ ծունկի եկած իշխանախմբի շարունակական ռեպրեսիաների ու բռնաճնշումների։

Ահաւասիկ, անցեալ շաբաթւայ Ս. Էջմիածնի Մայր Աթոռում համաժողովրդական բուռն դիմադրութիւնն ու արժանավայել համախմբումն, ի պաշտպանութիւն Հայոց Առ. Եկեղեցու եւ Հայոց Հայրապետի, ապացոյցը հանդիսացաւ նրա, որ բարեպաշտ ու յատկապէս ազգային նկարագրին կառչած մնացած հայորդիք վճռակամ եւ զգօն են լինելու նաեւ գալիքի բախտորոշ հանգրւաններում, որոնց վճռական փուլերից մէկն է լինելու նաեւ յունիսեան խորհրդարանական ընտրութիւնները։

Ահա, այդ պահերի ճշգրիտ ու խոհեմ գիտակցման արդիւնքում էլ հնարաւոր կը դառնայ  մեր հայրենի ժողովուրդին «ԲՌՆԵԼ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ, ՂԵԿԱՎԱՐՒԵԼՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՈՎ»…։

Դերենիկ Մելիքյան   

Պատմական գիտութիւնների թեկնածու