կարևոր
355 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-24 18:10
Քաղաքական

ՀՀ քաղաքական օրակարգը թելադրված է Բաքվից, Անկարայից․ Աբրահամ Գասպարյան

«Պետությունն հայտնվում է արտաքին ազդեցության կենտրոնում, երբ կորցնում է ուժային բալանսը։ Տարածաշրջանում ուժային հավասարակշռության կորուստը պատճառ է հանդիսանում ինքնիշխանության մասնակի կամ ընդհանուր սահմանափակմանը, որը եթե վերահսկողության չենթարկվի, կվերածվի ընդհանուր կոլապսի»,-Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայաստանը՝ արտաքին ազդեցության թատերաբեմ» խորագրով քննարկման ժամանակ ասաց  քաղաքագետ, արևելագետ Աբրահամ Գասպարյանը։

Նշելով որ, նման պետությունների էլիտաների շրջանում արժեքային գաղափարական և ինստիտուցիոնալ չկողմնորոշվածություն է առաջանում՝ Գասպարյանը հավելեց, որ Հայաստանը նման կրախի մեջ է հայտնվել 2020 թվականի պատերազմից հետո։

«Երբ ազգային էլիտաները չունեն հստակ արժեքային կողմնորոշում, գոյություն ունի ազգային դիմագծի աղավաղում, որով աշխարհը քեզ ճանաչում էր, և պարզ չէ, թե ուր ես գնում»,-ասաց բանախոսը։

Նրա կարծիքով, Հայաստանը կորցրեց իր նախկին դաշնակցային քարտեզը և դիվանագիտության մեջ նախկինում հաղթաթուղթ համարվող Արցախը։

«Երբ Արցախը չկա, դու քո պետության ինքնիշխան մի կարևոր տարածքը՝ Սյունիքը դարձրել ես սակարկությունների առարկա, կոնֆլիկտը տեղափոխել ես քո ինքնիշխանության տիրույթ»,-ասաց արևելագետը։

Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ Հայաստանն այս իշխանության գոյության պայմաններում չի ունենա սեփական օրակարգը որոշելու անկախություն, և ներհայաստանյան քաղաքական օրակարգը թելադրված է Բաքվից և Անկարայից եկող հստակ նարատիվներից։

Մանրամասն՝ տեսանյութում։