կարևոր
673 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-25 10:13
Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը

«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Հայաստանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում ԱՄՆ գործընկերների հետ։

««TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք»,– հայտնել է գերատեսչությունը:

Հայաստանը «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը համարում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղկացուցիչ մաս, որը լիովին համադրելի է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ենթակառուցվածքային խոշոր՝ ներառյալ Միջին միջանցքի, Պարսից ծոց-Սև ծով ծրագրերի հետ:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ-ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։