կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-10 13:12
Հասարակություն

Գիտությունը և տնտեսությունը պետք է իրար կապվեն. Թևան Պողոսյան

Գիտությունը և տնտեսությունը պետք է իրար կապվեն. Թևան Պողոսյան

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր, խոսելով երկրի տնտեսության առողջացման հեռանկարների մասին, լրագրողներին ասաց, որ պետք է կարողանանք դեղամիջոց գտնել, որը հատուկ է հենց մեր երկրին և կարող է իսկապես շոշափելի արդյունքեր տալ:

«Մի յուրահատուկ բան պետք է գտնենք,  որտեղ ամբողջ աշխարհը ներդրումներ կանի, սա էլի հիմք է տնտեսության զարգացման համար: Ամեն երկիր փորձում է իր տեղը գտնել միջազգային  տնտեսության  մեջ, բայց մենք պետք է հասկականք,  որ  այն մեծ երկիրը չենք, որ մեր շուկան լինի ինքնաբավ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ մեր տնտեսության մեջ շեշտը պետք է դնենք արտահանման վրա:

«Կարիք  ունենք ռազմաարդյունաբերական ոլորտը զարգացնելու,  բայց ոնց որ թե զարկը տալիս ենք մենակ էս ուղղությամբ: Կամ էլ` գիտությունը: Եթե  ցանկանում ենք, որ Հայաստանում գիտությունը  զարգանա, պետք է գիտությունը և տնտեսություն իրար կապվեն, մենք չպետք է միայն արտադրենք գիտության  թեկնածուներ, դոկտորներ, այլ նաև, նրանց գյուտը կյանքի կոչելով, դարձնենք տնտեսության մաս»,- նշեց Պողոսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե կարծիք կա, որ կառավարությունում ընթացող օպտիմալացման ծրագիրը և մի շարք գերատեսչություններում տեղի ունեցող կրճատումները PR-ի համար են, նա նշեց, որ այս հարցը համակողմանի ուշադրության է արժանի: «Ես կարծում եմ, որ նախարարություններ կան, որոնք փոխնախարարի կարիք ընդհանրապես չունեն: Կամ` տեսե'ք` փոխնախարարները կարող են դուրս գալ, բայց եթե դուրս են գալու, կարող են ծառայության որակն էլ գցել: Կարող են ասել` եթե մենք ձեզ պետք է 10 օր առաջ պատասխան տանք որևէ հարցի մասին, հիմա չենք կարող այդքան ժամանակում տալ, քանի որ համապատասխան թվով մարդ չունենք: Պետք է հասկանանք` արդյոք դա՞ է մեր նպատակը, որ ծառայության որակն ընկնի, եթե` ոչ, ապա ո՞վ է ուռճացրել այս ամբողջ համակարգը: Այստեղ խնդիր է լինում, որ պետք է պատասխանատվություն կրեն մարդիկ, և միայն խոսքով չլինի այդ ամենը»,- ասաց պատգամավորը: