Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ որոշում կայացվեց: Ըստ այդմ՝ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, տրանսպորտի և կապի նախարարության անվանման մեջ ավելանում է` «տեղեկատվական տեխնոլոգիաների», քաղաքաշինության նախարարությունը ցանկից դուրս է գալիս և դառնում կոմիտե:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով այդ փոփոխություններին, ասաց՝ կարևորն այն է, որ դրանք ձևական չլինեն, այլ միտված լինեն իրական բարեփոխումների կյանքի կոչմանը: Պատգամավորի խոսքով՝ համակարգային փոփոխությունների հիմքում պետք է լինի ոչ միայն լիազորությունների փոխանցումը մեկից մյուսին, այլ նաև հասկանալի պետք է լինի, թե նախկինում, ունենալով այդ լիազորություններն այլ տեղում, ինչո՞ւ աշխատանք չի տարվել, կամ` հասկանալ՝ ո՞ր մեխանիզմները օգուտ չեն տվել:
«Այդուհանդերձ, դրական փոփոխության նշույլ տեսնում եմ, բայց ասեմ, որ կան նախարարություններ, որոնք նույնպես պետք է արժանանան քաղաքաշինության նախարարության ճակատագրին: Ինձ թվում է, որ փոփոխությունները պետք է արագ արվեն: Երբ հստակեցվի կառավարության ամբողջական կազմը, հասկանալի կլինի՝ փոփոխությունները երեքը, չորսն էին, թե իսկապես մեծ մասշտաբի էին: Դրանից հետո 20 օրվա ընթացքում, երբ կառավարության ծրագիրը բերվի, կհասկանանք իրական ուղղությունները, արդյոք համակարգայի՞ն են փոփոխությունները, թե՞ ավելի շատ կոսմետիկ, գեղեցիկ ձևակերպումներ են: Հույսը վերջում է մեռնում, իսկ այս րոպեի դրությամբ կարելի է ասել՝ միտումը դրական է, իսկ լուծումները ե՞րբ կյանքի կկոչվեն, չգիտեմ»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է սպասել՝ հասկանալու համար` տեղաշարժերը ձևակա՞ն են, թե՞ ոչ:
«Պետք է հասկանալ՝ ի՞նչ է փոխվելու նախարարությունների գործունեության մեջ, ի՞նչ ֆինանսական օպտիմիզիացիաներ են լինելու, արդյոք ունենալո՞ւ է կառավարությունը բյուջեի փոփոխության խնդիր, թե՞ ոչ: Եթե բյուջեն չի փոխվում, և ծրագիրը շատ է նման լինելու հին ծրագրին, ապա այդ փոփոխությունները կլինեն արհեստական, կլինեն անձերի փոփոխություններ»,- մտահոգություն հայտնեց պատգամավորը:
Ըստ նրա` հայտարարված փոփոխությունները ենթադրում են լրացուցիչ ծախսերի հանգեցնող գործողություններ, որոնք ընդունելի կլինեն, եթե այդ փոփոխություններն արդարացված լինեն: «Մենք անուններ ենք փոխում, դրա մեջ փորձելով իմաստը փոխել, ու սա ունի նաև տեխնիկական խնդիր: Ասում ենք` գումար չունենք, բյուջեն ճգնաժամի մեջ է, հարկեր չեն հավաքվում: Ասեմ, որ ամեն տեսակի արհեստական փոփոխություն բերելու է ինչ-որ տեխնիկական գումարների ծախսման, ու կարևոր չէ չափը, թեկուզ հազար դրամ լինի: Քարտեր պետք է փոխվեն` նոր անունները տպելու իմաստով, նոր մոտեցումներ պետք է լինեն և այլն: Ցանկացած փոփոխություն, որն ապագային է միտված, բայց համակարգային փոփոխությունների չի բերելու, դառնում է ևս մեկ ծախս»,- նշեց Պողոսյանը` շարունակելով պնդել, որ փոփոխությունները, իմաստային առումով, դրական է ընկալում:
«Իմաստային առումով ես կարող եմ ասել՝ շատ լավ է, որ այդ քայլին գնացին, բայց, ի վերջո, կարող է պարզվել, որ անունների փոփոխությունից հետո հայտնի չէ, թե հաջորդ քայլը որն է լինելու»,- ասաց նա:
Պողոսյանը հիշեցրեց նաև, որ Կարեն Կարապետյանը, երբ, որպես վարչապետ, առաջին անգամ ԱԺ-ում էր ու պատասխանում էր լրագրողների հարցին, որը վերաբերում էր կառավարության կազմում սպասվող փոփոխություններին, թեև հաստատեց, որ այդ փոփոխությունները լինելու են, բայց չշտապեց անուններ նշել: «Եթե մարդ գիտի, որ ինքն իրականում պետք է շտապի, իմաստը ո՞րն է սպասել մինչև վերջին օրը: Ամեն ինչ մնում է վերջին օրվան, բա ասում են՝ շտապում ենք, ժամանակ չունենք, օր առաջ պետք է ամեն ինչ անենք: Բա որ այդպես է, ինչո՞ւ են օգտվում օրենքով տրված տասն օր ժամանակից՝ դրանով ապացուցելով, որ չեն էլ շտապում»,- ասաց պատգամավորը: