Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի համար Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը տրամաբանական է և կանխատեսելի:
Այսօր ԱԺ նախկին պատգամավորը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանը զորավարժություններին այնպես պետք է արձագանքեր, որ միջազգային հանրությունն ուշադրությունը սևեռեր այդ հարցին: «Հայաստանը պետք է բաց տեքստով հայտարարեր բանակը համար 1 վիճակի բերելու մասին՝ պատճառաբանելով, որ չկա վստահություն, որ Ադրբեջանը նոր հարձակում չի ծրագրում»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ այդ կերպ հնարավոր կլիներ մեսիջ հղել միջազգային հանրությանը:
Ըստ նրա՝ Հայաստանը սահմանափակվել է մի քանի հայտարարություններով, որոնց միջազգային կառույցները որևէ կերպ չեն արձագանքել:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ-ի առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:
Թևոն Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է շարժվել իր ռազմական սցենարներով, իսկ նման պետության հետ պետք է խոսել նույն լեզվով:
Նախկին պատգամավորի կարծիքով՝ հայկական կողմը պետք է ակտիվանա նաև տեղեկատվական պատերազմում: Հայտնի է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի` ԱՄՆ կատարած այցն Ադրբեջանում բուռն արձագանք ստացավ: Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ այդ այցը հնարավորինս շատ պետք է լուսաբանվի, որպեսզի Ադրբեջանում խառնվեն իրար: