կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-01 15:49
Քաղաքական

Պետք է կենտրոնանալ բովանդակության, ոչ թե ձևի վրա. Թևան Պողոսյան

Պետք է կենտրոնանալ բովանդակության, ոչ թե ձևի վրա. Թևան Պողոսյան

Շատ լավ է, որ ԸՕ-ի նախագծի շուրջ տարբեր ձևաչափով քննարկումներ են լինում. այսօր լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը և ընդգծեց, որ պետք չէ կարծել, թե իշխանությունները բարի կամք են դրսևորում`քննարկումներ կազմակերպելով, պարզապես պետք է գնահատել այն, որ առաջին անգամ է, երբ օրենքի բոլոր պահանջները կատարվում են, և քննակումներ են արվում հենց օրենքի շուրջ: «Արդյունքի մասին դրականով կարող ենք խոսել միայն ամրագրումից հետո: Ես միշտ ասել եմ, որ պետք չէ ասել` սա կա՛մ ընդունում եմ, կա՛մ էլ չեմ ընդունում: Քննարկումներին մշտապես կողմնակից եմ եղել»,- ասաց Պողոսյանը:

Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ չէր մասնակցում խորհրդարանում անցկացվող 4+4+4 ձևաչափով քննարկմանը, նա պատասխանեց, որ մասնակցության հրավեր չի ունեցել: «Երեկ, մամուլին հետևելով, հասկացա, որ հրավերը գնացել է  խմբակցություններին կամ կուսակցություններին: Հրավերը գնացել է կուսակցություն, ինձ չեն հրավիրել, ես չեմ գնացել, բայց չեմ էլ համարում, որ դա ամեն ինչի վերջն է. կան տարբեր ֆորմատներ, որտեղ մասնակցում եմ, քննարկում եմ»,- ասաց Պողոսյանը և հավելեց` որևէ մեկը չի ասելու, որ խնդիրները լուծվելու են 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ:

«Ես միայն կարող եմ ասել, որ ինչքան քննարկումները շատ լինեն, այնքան լավ կլինի ամեն ինչ: Ձևաչափն այնքան էլ նշանակություն չունի, պետք է ավելի շատ կենտրոնանալ բովանդակության վրա: Նշանակություն չունի նաև, թե ինչ կազմով են այդ քննարկումները, կարևորը բովանդակությունն է»,- ընդգծեց պատգամավորը:

Պողոսյանն անդրադարձավ նաև ԱԺ-ում ԸՕ-ի նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումից առաջ ստեղծված իրավիճակին, երբ ՀԿ-ների ներկայացուցիչները չէին ցանկանում իրենց անձնագրերը թողնել խորհրդարանի անցագրային կետում, ինչպես պահանջում է օրենքը: «Ես ավելի շատ ուզում եմ տեսնենք ոչ թե այն`ինչպես սկսվեց քննարկումը, այլ այն, թե վերջն ինչպես եղավ:  Բոլորս էլ գիտենք, որ ԱԺ մտնելիս անպայման ինչ-որ փաստաթուղթ պետք է լինի: Եթե խնդիրն այն է, որ մարդիկ չեն ուզում, որ իրենց էլեկտրոնային ստորագրությունը վերցնեն, կարող են իրենց մյուս անձնագիրը վերցնել: Եթե նման խնդիր կար, կարելի էր դրա մասին ավելի վաղ խոսել, և հանդիպումը լիներ ոչ թե ԱԺ տարածքում, այլ մեկ այլ վայրում»,- եզրափակեց Թևան Պողոսյանը: