Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Աժ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի այն քայլին, որ դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ դուրս գալու 1994 թվականի`զինադադարի պայմանագրից: Ըստ պատգամավորի` դա, ըստ էության, բանակցային գործընթացի տապալման և հրադադարի ռեժիմի պահպանումից խուսափելու ևս մեկ ակնհայտ փորձ է, սակայն այդ գործընթացը հաջողություն ունենալ չի կարող, որովհետև պայմանագիրն անժամկետ է, և այդ պայմանագրից դուրս գալը կնշանակի բանակցությունները վերջնականապես համարել ձախողված:
Պատգամավորի համոզմամբ` Ադրբեջանի այս քայլը չի կարող արժանանալ միջազգային հանրության դրական վերաբերմունքին: Այդ հերթական ապակառուցողական քայլը կարող է էլ ավելի վտանգել տարածաշրջանի անվտանգությունը:
«Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տիպի զարգացումներին` իհարկե, չթուլացնելով քաղաքական պայքարը, և զսպիչ մեխանիզներ գտնենք Ադրբեջանի դեմ: Այս իրավիճակում առավել քան կարևոր են դառնում հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմներ տեղադրելը և միջազգային հանրության ճնշումներն Ադրբեջանի դեմ: Եթե Ադրբեջանը, ունենալով իրավական համաձայնագիրը, այնուամենայնիվ, շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, այս պարագայում փորձում է իր վրայից հանել իրավական պատասխանատվությունը: Մեր գործողությունները պետք է լինեն ուղղված նրան, որ Ադրբեջանը որևէ հարթակում քաղաքական հաղթանակներ չունենա»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Պատգամավորը հավելեց, որ պայմանագրի չեղարկումից հետո որոշիչ կարող է լինել զենքի և զինուժի ազդեցությունը, և այդ դեպքում Հայաստանն իր գործողություններում որևէ սահմանափակում չի կարող մտցնել: «Այդ դեպքում մենք կարողանալու ենք մեր զինուժով հայտնվել Ադրբեջանի տարածքում և, գերակա դարձնելով մեր ժողովրդի անվտանգությունը, մեզ թույլ տալ ցանկացած գործողություն` ընդհուպ սպառնալ Ադրբեջանի գոյությանը` որպես պետություն»,- ասաց Զաքարյանը:
Նա կարծիք հայտնեց նաև, որ Ադրբեջանը նման կոշտ մեխանիզմներով փորձում է երկխոսության հրավիրել միջազգային հանրությանը և ստեղծել իրավիճակ, որում Ադրբեջանի քաղաքական ակնկալիքներն ավելին կարող են լինել: