Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով երեկ Փարիզում Օլանդի նախաձեռնությամբ անցկացված` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց, որ այս նախաձեռնությունները վկայում են այն մասին, որ ամենաբարձր մակարդակով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների նախագահների մակարդակով, լրացուցիչ ջանքեր են ներդրվում հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Ըստ պատգամավորի` այդ նախաձեռնությունները նշանակում են, որ Մինսկի խումբը էականորեն անհանգստացած է Ադրբեջանի ոչ կառուցողական գործողություններից և անուղղակիորեն ընդունում է, որ Ադրբեջանն իր ոչ ադեկվատ գործողություններով, Հայաստանի ու Արցախի սահմաններին ոտնձգություններ անելով, կարող է դուրս բերել տարածաշրջանը կայուն զարգացումից:
Ե'վ Սոչիում, և' Ուելսում, և' Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ հստակ սահմանվել է, որ խնդրի կարգավորման համար գոյություն ունի միայն խաղաղ տարբերակ, որ բացառում է ուժային տարբերակներով խնդրի լուծումը, և որ կողմերը խնդրի կարգավորման համար պետք է գտնեն մեխանիզմներ:
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` քաղաքական կամք դրսևորել, մի կողմ թողնել տարաձայնությունները և երկու երկրների ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը:
«Պատրաստել երկու երկրների ժողովուրդներին խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նշանակում է, որ պաշտոնական Ադրբեջանը պետք է դադարեցնի հակահայկական բոլոր տեսակի քարոզչությունները ու սեփական ժողովրդին նախապատրաստի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Թե ի՞նչ է նշանակում հայ ժողովրդին նախապատրաստել համաձայնագրի ստորագրմանը, Արտակ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ հայ ժողովրդին արդեն վաղուց են նախապատրաստում խաղաղ կարգավորմանը, և Հայաստանն ինքնին խաղաղության ջատագովն ու երաշխավորն է տարածաշրջանում, չի տրվում սադրանքների ու չի հրահրում վտանգավոր զարգացումներ:
Իսկ թե ինչ է նշանակում փոխզիջումների միջոցով հասնել համաձայնագրի ստորագրման, Արտակ Զաքարյանը նշեց, որ Ադրբեջանը պետք է ընդունի, որ ինքնորոշման իրավունքը ԼՂՀ ժողովրդի բացառիկ իրավունքն է, որից հետո պետք է ճանաչի այդ ինքնորոշման իրավունքը և դրա արդյունքները:
Yerkir.am-ի հարցին` իսկ Հայաստանի կողմից փոխզիջումը ո՞րը կլինի, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Հայաստանը ԼՂՀ ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորն է և պետք է հասնի նրան, որ բանակցային գործընթացում ԼՂՀ-ն ինքը դառնա բանակցող կողմ, և բոլոր փոխզիջումների վերաբերյալ միայն ԼՂՀ ժողովուրդն իրավունք ունի խոսելու ու ասելու: Այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ, այո', կողմերը պետք է գնան փոխզիջումային տարբերակով»:
Նա նաև նշեց, որ դեռ վաղ է խոսել համաձայնագրի մասին, որովհետև դա պահանջելու է երկար քննարկումներ, այնուամենայնիվ, դա հնարավոր է լինելու, ըստ Ա.Զաքարյանի, միմիայն Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դեպքում, որը կերևա ժամանակի ընթացքում:
Հարցին` հնարավո՞ր է, որ դա տևի տարիներ, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ցանկալի է, որ դա չտևի տարիներ, այլ հնարավորինս արագ տեղի ունենա, որովհետև բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից»: