կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-08 12:36
Արցախ

Ոչ միայն պետք է հայտարարենք, այլ պատրաստ լինենք ամեն ինչի՝ ինչքան պետք է, պիտի պայքարենք. Աղավնոյի գյուղապետ

Ոչ միայն պետք է հայտարարենք, այլ պատրաստ լինենք ամեն ինչի՝ ինչքան պետք է, պիտի պայքարենք. Աղավնոյի գյուղապետ

Ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ հունիսին հայկական կողմն ամբողջությամբ Ադրբեջանին պետք է հանձնի Բերձորը։ Հայկական կողմից այս ամենին դեռևս որևէ պաշտոնական արձագանք չի եղել։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանն ասաց, որ այսօր իշխանությունն աշխատում է  այլ օղակների վրա, իսկ իր բոլոր հանդիպումներն իրականացնում է գաղտնի՝ ժողովուրդն էլ իրազեկված չէ։

«Մենք այս պահին տեղեկատվության պակաս ունենք, ես պաշտոնապես որևէ մեկից որևէ բան չեմ ստացել, որ Բերձորը պետք է հանձնվի։ Մեզ որևէ բան չեն ասել, չնայած  չեմ էլ կարծում՝ մեզ ինչ-որ բան ասեն։ Իշխանությունն այլ օղակների վրա է աշխատում, որ իբր Բերձորը տալու են կամ արդեն հանձնված է։ Եթե Բերձորը չեն բնակեցրել, հավատալի է, որ ինչ-որ բան են անելու։ Այդուհանդերձ մենք հույս ունենք, որ ինչ-որ բան կփոխվի և կկանխարգելվի այս ամենը։ Հեշտ է  ասել, թե տալու են՝ մենք մեր կեցվածքն ունենք, բայց մեկ ձեռքը ծափ չի տալիս։ Պետք է բանակցությունները, հայտարարություններն ամբողջովին փոխվեն»,- նշեց Անդրանիկ Չաուշյանը։

Ըստ նրա, Աղավնոն չլքելու իրենց որոշումը չի փոխվել և երբեք չի փոխվելու։

«Այս ամենը մենք ոչ թե միայն պետք է հայտարարենք, այլ պատրաստ լինենք ամեն ինչի։ Իմ մոտեցումներում որևէ բան չի փոխվել, այսօր Ադրբեջանը խոշորացույցի տակ հետևում է մեզ, բայց գլխավոր խնդիրն այն է, որ մենք տեղեկատվություն չենք ստանում, թե ինչ են բանակցում։ Ի վերջո, պետք է փոխենք իրենց մոտեցումները, և անընդհատ չասեն, թե տալիս ենք, ինչո՞ւ են տալիս։ Կապ չունի, թե ինչ հատուցում կտան, 10 մլն, թե ավելի շատ, սա սկզբունքային հարց է։ Քանի դեռ իշխանությունը և Ադրբեջանը  չեն նահանջել իրենց կարծիքից, մենք էլ մեր կարծիքը չենք փոխելու։ Մենք չենք պատկերացնում այլ վայրում ապրելը, չեմ էլ ուզում պատկերացնել։ Ինչքան պետք է՝ պիտի պայքարենք»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշյանը։

Աղբյուրը՝  168.am