Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրք նախկին պաշտոնյայի նկատմամբ հետաքննություն է սկսվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պատճառով: Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանի նախկին ղեկավար (2004-2014թթ.) Աբդուլլահ Դեմիրբաշը մեղադրվել է «առանց կառավարությունից թույլտվություն ստանալու» ՀՀ նախագահի հետ հանդիպելու մեջ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Նշենք, որ Դեմիրբաշը 2015թ. օգոստոսի 4-ին Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած թուրքական պատվիրակության անդամ էր: Պատվիրակությունը կազմված էր Թուրքիայի ընդդիմադիր քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺՀԿ-HDP) ու «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) ղեկավար ներկայացուցիչներից:
Հարուցված հետաքննության շրջանակներում կազմված և 2016թ. հունվարի 27-ին հրապարակված տեսչական զեկույցում արձանագրվել է, որ Դեմիրբաշը 04.08.2016թ.-ին HDP/BDP պատվիրակության հետ Հայաստան է մեկնել և հանդիպել ՀՀ նախագահի հետ, ինչի համար, որպես պատիժ, 3 տարի ժամկետով պետք է կասեցնել նրա պաշտոնեական առաջխաղացումը և տուգանել: Առաջարկվել է նկատողություն և տուգանք սահմանել համատեղության կարգով ուսուցչական գործունեություն ծավալող Դեմիրբաշի նկատմամբ, քանի որ նա երկրից դուրս գալիս դպրոցի տնօրենին չի տեղեկացրել այդ մասին:
Իր պաշտպանական խոսքում Դեմիրբաշը նշել է, որ Հայաստան է մեկնել ամառային արձակուրդների ընթացքում, հետևաբար, դպրոցի տնօրենին տեղեկացնելու անհրաժեշտություն իրականում չկար: Նա այս մեղադրանքը որակել է որպես «ճամփորդելու ազատության և մարդու իրավունքների» ոտնահարում:
Դեմիրբաշը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանն իրեն հրավիրել էր որպես Սուր շրջանի նախկին ղեկավարի: Նա ընդգծել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպելը երբեք էլ, Թուրքիայի օրենսդրության համաձայն, հանցանք չի համարվել:
Նախկին պաշտոնյան հայտնել է, որ ինքը 3 անգամ հանդիպել է նաև Հռոմի պապի, բազմաթիվ անգամներ ԱՄՆ-ի կոնգրեսականների, ինչպես նաև այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Նա շեշտել է, որ որևէ պաշտոնատար անձի հետ հանդիպելու վերաբերյալ ոչ մի իրավական սահմանափակում գոյություն չունի:
Դեմիրբաշի խոսքով՝ եթե իր փաստարկներն ու ինքնապաշտպանությունն անհրաժեշտ արդյունքը չտան, և Թուրքիայում իրավական մարմինները չչեղարկեն իրեն սպառնացող պատիժը, ապա իր հաջորդ քայլը կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելը: