կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-17 12:41
Տարածաշրջան

Ի՞նչ հիմքով է իմ նկատմամբ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել. Փայլանի հարցը` թուրք նախարարին

Ի՞նչ հիմքով է իմ նկատմամբ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել. Փայլանի հարցը` թուրք նախարարին

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլին ուղղված գրավոր հարցում է արել:

Ըստ Ermenihaber-ի` Փայլանը թուրք նախարարին հարցեր է հղել իր նկատմամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով սկսված 2 հետաքննությունների հիմքերի ու հարակից այլ հարցերի մասին:

Հայ պատգամավորը թուրք նախարարին հղել է ներքոնշյալ հարցերը`

1. 2008 թվականից այս կողմ արդարադատության նախարարի կողմից Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով քանի՞ հետաքննության թույլտվություն է տրվել, քանի՞ թույլտվության դիմում է մերժվել:

2. 2008–ից սկսած` ըստ տարիների, քանի՞ մարդու նկատմամբ է 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել, քանի՞ դատավարություն է սկսվել, ընթացքի մեջ գտնվող քանի՞ դատավարություն կա, քանի՞ հոգի է դատապարտվել, արդարադատության նախարարությունում դեռևս պատասխան չտրված քանի՞ դիմում կա: 

3. 2002-ից այս կողմ` ըստ տարիների, «թուրքական ինքնությունը վիրավորելու» հոդվածով քանի՞ հոգու նկատմամբ է հետաքննություն ու դատ բացվել: Այդ դատավարությունների արդյունքում քանի՞սն են արդարացվել, քանի՞սը դատապարտվել:

4. Որպես արդարադատության նախարար` 301-րդ հոդվածով իրականացվելիք վերջին հետաքննություններին թույլտվություն տալիս ի՞նչ չափանիշներով եք որոշել, որ հետաքննության առարկա արտահայտությունները դուրս են քննադատության սահմաններից:

5. 301-րդ հոդվածով, ըստ տարիների, քանի՞ պատգամավորի վերաբերյալ եք հետաքննության թույլտվություն տրամադրել: Ինչպե՞ս են դրանք բաշխվում` ըստ քաղաքական կուսակցությունների:

6. Ի՞նչ հիմքով եք բավարարել իմ նկատմամբ թիվ 2017/3470-2018/18 և 2018/56892-20018/70 հետաքննությանները սկսելու վերաբերյալ միջնորդությունները:

7. 2002-ից այս կողմ` ըստ տարիների, ՄԻԵԴ-ում (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) «թուրք ինքնությունը վիրավորելու» հոդվածի միջոցով մարդկանց խոսքի ազատությունը ոտնահարելու համար Թուրքիայի դեմ քանի՞ դատ է բացվել: Քանի՞ դատավարությամբ է որոշում կայացվել, որ Թուրքիայում խախտվել է տվյալ մարդկանց խոսքի ազատությունը: Ըստ տարիներ`ի տանուլ տրված դատավարությունների համար պետությունն ինչքա՞ն փոխհատուցում է վճարել:

Փայլանը հարցադիմումի մեջ նշել է, որ Թուրքիայի քր. օրենսգրքի 301-րդ հոդվածը մտքի ու խոսքի ազատությանը խոչընդոտող բնույթ ունի, այն դեպքում, երբ այդ ազատությունները երաշխավորված են Սահամանադրությամբ: Պատգամավորը հիշեցրել է, որ պետությունը 301-րդ հոդվածը կիրառում է մարդկանց ու հատկապես փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ ատելություն կամ ատելության հողի վրա նրանց նկատմամբ հանցագործություններ հարուցելու նպատակով՝ հիշեցնելով Հրանտ Դինքի օրինակը:  

«Լրագրող Հրանտ Դինքի նկատմամբ սկսված ատելության խոսքի արշավը թիրախավորում էր նրա հայկական ինքնությունը, 2007-ի հունվարի 19-ին տեղի ունեցած նրա դավադիր սպանության մեջ զգալի դեր խաղաց նրա նկատմամբ 301-րդ հոդվածով տեղի ունեցած դատավարությունն ու դատապարտումը (Դինքը դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման, սակայն պատժի կիրառումը հետաձգվել էր-խմբ.): Հրանտ Դինքի սպանության պատճառներից մեկը հանդիսացած հոդվածը 2008 թվականին ԵՄ-ի հետ անդամության բանակցությունների շրջանակներում փոփոխվեց և պայման դրվեց, որ 301-ի հատկանիշներով հետաքննություն կարելի է իրականացնել միայն արդարադատության նախարարության թույլտվությամբ:

Այն ժամանակվա պաշտոնյաները հայտարարեցին, որ փոփոխությունը նպատակ ունի հաղթահարել հոդվածի կիրառման ժամանակ առաջացող խնդիրները, հատկապես` խոսքի ազատության սահմանափակումները:

Այդ փոփոխություններից հետո մինչև վերջերս 301-րդ հոդվածի հատկանիշներով հետաքննություն սկսելու` դատախազների պահանջների մեծ մասը մերժվել են արդարադատության նախարարության կողմից: Սակայն վերջին շրջանում մեծ թվով հետաքննությունների պահանջներին, որոնցից 2-ը՝ իմ նկատմամբ, առանց ուսումնասիրության դրական պատասխան եք տալիս»,- գրել է Կարո Փայլանը: