կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-09 19:01
Քաղաքական

«Ժառանգությունը» չի հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ ու նոր կառավարությանը մաս չի կազմելու

«Ժառանգությունը» չի հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ ու նոր կառավարությանը մաս չի կազմելու

Վարչապետի պաշտոնում Րաֆֆի Հովհաննիսյանի համար ընդունելի չէ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Այսօր  Ազատության հրապարակում «հանրային հայտարարությունից» հետո «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նշեց այս մասին, իսկ հարցին' կուսակցությունն ունի՞ վարչապետի սեփական թեկնածու, պատասխանեց կարճ. «Մենք ունենք նախագահի մեր թեկնածուն»:

 

Նա հայտարարեց, որ ժողովրդի, քաղաքական ու քաղաքացիական ուժերի ճնշման շնորհիվ փոխվեցին վարչապետն ու կառավարությունը, բայց եթե լրիվ չփոխվի Հայաստանի կառավարման մոդելը' վերից վար, ոչ մի բան չի փոխվի:

 

Խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի համագործակցությունը ԱԺ ներսում, նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը, կշարունակվի, սակայն հարցն այն է, թե կկարողանա՞ն արդյոք այդ ուժերը խորհրդարանից դուրս` ավելի գլոբալ համագործակցել ու հասնել ամբողջական իշխանափոխության: Այս պահին, ըստ նրա, քանի դեռ տեղի չի ունեցել այդ ուժերի ղեկավարների հանդիպումն ու միասնական դիրքորոշումը, չի կարելի խոսել քառյակի մասին, այլ միայն պետք է խոսել խորհրդարանական ուժերի համագործակցության մասին:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ նշեց, որ ձեւավորվելիք կառավարության կազմում, հաստատ, «Ժառանգության» ներկայացուցիչներ չեն լինելու, որ «Ժառանգություն»-ը չի համագործակցելու, նրա խոսքերով, «իշխանությունը ժողովրդից գողացած» իշխանության հետ, եւ ով էլ լինի հաջորդ վարչապետը, լինելու է ոչ լեգիտիմ իշխանությունների ներկայացուցիչը: Նա միանշանակ ու հստակ ասաց նաեւ, որ «Ժառանգությունը» չի հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ:

 

Լրագրողների հարցին, թե ի՞նչ պետք է քննարկեն ոչ իշխանական ուժերի ղեկավարները, եթե հանդիպեն, Սերժ Սարգսյանի հրաժարականի հա՞րցը, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե ոչ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է դրվելու, այլ  կան նաեւ որոշումների ընդուման մեխանիզմներին, արտաքին քաղաքականությանը վերաբերող  եւ բազում այլ հարցեր: