կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-12 23:49
Քաղաքական

Նախագահի հետ չեմ հանդիպելու, առաջիկայում հանդիպելու եմ Նիկոլ Փաշինյանի հետ. Գագիկ Ծառուկյան

Նախագահի հետ չեմ հանդիպելու, առաջիկայում հանդիպելու եմ Նիկոլ Փաշինյանի հետ. Գագիկ Ծառուկյան

Նախագահը մեզ ուղարկել է հանդիպման հրավեր, սակայն թե ինչի մասին պետք է լինի քննարկումը, ինչ հարցերի շուրջ, նշված չէ: Նախագահի հետ չենք հանդիպելու, քանի որ նպատակահարմար չենք գտնում: Եթե հստակ կետերով եւ ծրագրերով նշված լիներ, թե ինչի շուրջ է լինելու քննարկումը, գուցե հանդիպեինք: Այս մասին լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Պատրաստվում եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, ես սրա մասին հայտնել եմ նաեւ Հայրենիքի փրկության շարժման մեր գործընկերներին: Շուտով կլինի հանդիպումը եւ բոլորը տեղյակ կլինեն դրա մասին: Այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հանդիպել՝ վայրկյան շուտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»,- ասել է Ծառուկյանը:

Այն հարցին, թե ինչի շուրջ է լինելու հանդիպումը, Ծառուկյանն ընդգծել է, որ իր տեսակետը չի փոխվել, նա շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա եւ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ.

«Չհանդիպելը եւ քննարկումներ չունենալը իրավիճակի լուծում չէ: Օր օրի ճգնաժամը խորանում է: Առանց հանդիպելու այս վիճակից ոնց եք պատկերացնում, ինչպես պետք է դուրս գանք:  Մարդիկ պղտոր ջրի մեջ փորձում են ձուկ բռնել, ես հո չեմ գնում կոալիցիա կազմեմ Նիկոլ Փաշինյանի հետ»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչ կտա Նիկոլ Փաշինյանի հետ նույն օրակարգով արդեն երկրորդ հանդիպումը, Ծառուկյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա եւ անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, իմ մոտեցումը շարունակում է մնալ նույնը»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի ներսում տիրող տրամադրություններին, Գեւորգ Պետրոսյանի՝ խմբակցությունը լքելուն եւ մյուս պատգամավորների կողմից խմբակցությունը լքելու վերաբերյալ խոսակցություններին՝ Ծառուկյանը պատասխանել է՝ Պետրոսյանի մասով ինքը արդեն տվել է մեկնաբանություն:

«Ես մյուսների մասով չեմ կարող ոչինչ ասել, բոլորն էլ տեսնում են այն վստահությունը, որ կա խմբակցության ներսում»,- ասել է Ծառուկյանը:

Ծառուկյանը անդրադարձել է նաեւ Արցախի հարցին՝ նշելով, որ այն մշտապես գտնվում է իրենց օրակարգում եւ երբ վերջնական սահմանազատումներ կատարվեն Արցախում եւ ամեն ինչ հաստակ լինի, կսկսեն աշխատանքներ իրականացնել նաեւ այնտեղ: