|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ամիրյան 2 հասցեում, որտեղ նախկինում Ավ. Իսահակյանի անվան գրադարանն էր, առաջիկայում կլինի հյուրանոցային մեծ համալիր: Այսօր կառուցապում իրականացնող «SGI ինվեստ» ՍՊԸ-ի տնօրեն Զորիկ Բալայանը լրագրողներին ասաց, որ հուշարձանը, որը կառուցվել է 1896-ին, չի քանդվում, և իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի այն ոչ միայն պահպանվի, այլև տեսքն ընդգծվի:
Նա նշեց, որ իրենք 1976-ին կառուցված կցակառույցն են միայն ապամոնտաժում, ինչը հանրության մոտ թյուր կարծիք է ստեղծել, որ հուշարձանն են քանդում: «Ժամանակի ընթացքում հուշարձանին կից կառույցներ են ավելացել, որոնք էլ ապամոնտաժում ենք` թողնելով միայն հուշարձանը: Այս կառույցները խանգարում են հուշարձանին, որպեսզի այն իր ամբողջականության մեծ ներկայացվի»,- ասաց Բալայանը:
Ըստ նրա` իրենք 1,5 տարի է, ինչ զբաղվում են Ամիրյան 2-ով, և իրենց բաժին է հասել արդեն իսկ քանդված, միայն ճակատային մասը պահպանված հուշարձանը: «Կարծում եմ` սխալ է հուշարձանը քանդել, քանի որ քաղաքը պետք է կետեր ունենա, որ դեմքը չկորչի. այդ կետերը հուշարձաններն են: Նոր կառույցները չպետք է հնի հաշվին լինեն»,- ասաց Բալայանը:
Տեղում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի նախագծի գլխավոր ճարտարապետ Իսահակ Ներսիսյանն էլ նշեց, որ հողատարածքը բավական բարդ է կառուցապատման համար, քանի որ տարածքում երկու հուշարձան կա, և պետք է այնպես անել, որ դրանք չխեղճանան ընդհանուր կառույցի մեջ: Տարածքը, ըստ նրա, տարիների ընթացքում բազմաթիվ վերակառուցումների է ենթարկվել:
«Մենք մեր առջև երկու խնդիր ենք դրել` կառույցը համահունչ լինի Ամիրյան փողոցին, միաժամանակ, հին շենքը, հուշարձանը ճնշված չլինի: Ուզում ենք ցույց տալ, որ հնարավոր է անգամ այս պայմաններում հուշարձանը պահպանել տեղում այնպես, որ այն չկորչի կողքի ագրեսիվ շինարարության մեջ»,- ասաց Ներսիսյանը:
Նրա կարծիքով` հուշարձանը կարելի է տեղափոխել միայն ծայրահեղ դեպքերում, և ցանկալի է, որ այն իր պատմական միջավայրում մնա: «Սխալ բան կա, որ հինը քանդում են ու նոր բան կառուցում տեղը: Վախենամ` հինը քանդելու տենդենց կա, որը չի սահմանափակվելու 60-70-ականների շենքերով, այլ նաև հասնելու են 1930-ականների շենքերին: Այդ տենդենցին պետք է վերջ տալ, թե չէ` քաղաք չենք ունենա: Հիմա մեկ այլ տենդենց էլ կա` շենքը քանդում են և, միայն ճակատը թողելով, ասում` շենքը պահպանել ենք: Շենքը միայն ճակատային մասը չէ: Բացի այդ` մի շարք շենքեր կան Երևանում, որոնք, ճիշտ է, հուշարձան չեն, բայց դրանք հետաքրքիր են` որպես հնություն»,- ասաց ճարտարապետը: