կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-23 19:30
Մշակույթ

Քանդվում է ոչ թե ճակատը, այլ` կցակառույցը. Ամիրյան 2-ում կլինի 6 հարկանի հյուրանոց

Քանդվում է ոչ թե ճակատը, այլ` կցակառույցը. Ամիրյան 2-ում կլինի 6 հարկանի հյուրանոց

Շաբաթ օրը սկսել էին քանդել Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքից պահպանված ճակատային մասին կից կառույցը` սև տուֆից պատը:  Պատը քանդելը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ շատերը կարծում էին, որ քանդվում է շենքի` հուշարձան համարվող ճակատային մասը:  

yerkir.am-ի հետ զրույցում տեղում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի նախագծի գլխավոր ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը նշեց, որ կցակառույց պատը քանդելը հուշարձանի շահերից է բխում, քանի որ այդկերպ հուշարձանը կորցնում է իր ամբողջական տեսքը:

Բացի այդ, ըստ Ներսիսյանի, այն, ինչ փոխանցվել է իրեն /վերջինս մեկ տարի է, ինչ աշխատում է այս նախագծի վրա/ ամբողջությամբ պատմական կառույց չէ`  35 մետր երկարությամբ ճակատային պատի 8 մետրանոց կցակառույցը կառուցվել է  70-ականներին՝ Իսահակյանի անվան գրադարանի կարիքների համար: Ավելի ուշ, ըստ Ներսիսյանի, 90-ականներին, ավելացրել են տգեղ մի հարկ` ձեղնահարկ, այսինքն` տարածքը բավականին փոփոխությունների է ենթարկվել:

«Մենք ընդամենը մոնտաժել ենք այդ կցակառույցը, որը հուշարձան չէ: Ստացվում է` ապամոնտաժելով այդ պատը` պահպանված ճակատային մասը բերել ենք նախկին տեսքին: Ի դեպ, համալիրի երկու հարկը՝ ճակատային հատվածում, կծառայեցվեն ոչ թե հյուրանոցի կարիքներին, այլ կլինեն հասարակական նշանակության տարածքներ, ինչպես նաև ներքին բակում գտնվող հուշարձան շենքը չի կիրառվի որպես հյուրանոցի մաս` այն կարող է հայկական կերակրատեսակներ ներկայացնող ինչ-որ կառույց լինել»,- ասում է Ներսիսյանը:

Ի դեպ, քննարկման տեղիք է տվել նախագծի վերջնական արդյունքը ներկայացնող հրապարակված նկարը, որտեղ երևում է, որ պահպանված հուշարձանային մասին կցվող կառույցը հայելային է, ինչը, շատերի կարծիքով, խեղաթյուրում, խեղճացնում է սև տուֆե հուշարձանի տեսքը:

Ներսիսյանը, սակայն, համաձայն չէ հնչեցված կարծիքներին, ավելին, ըստ նրա, եթե սև տուֆով շարունակեին կառույցը, կոչնչացնեին հուշարձանի տեսքը.« Շենքը նախագծված է որպես երկհարկանի շենք և իրեն հիմա կցել ենք ևս 4 հարկ. չի կարելի նախագծել երկհարկանի շենքն այնպես, ինչպես կնախագծվեր 6 հարկանի շենքը: Եթե անգամ նման լուծում լիներ, որ տուֆով շարունակեինք, կարծում եմ` այդկերպ կոչնչացվեր, կաղավաղվեր հուշարձանի տեսքը»:

Մանրամասները` վաղվա հրապարակման մեջ:

Լուսանկարները տրամադրեց`  NST Architects ընկերությունը

 

\"\"

 

\"\"