Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակած՝ վարդագույն տուֆից հուշարձանը, որը ամբողջացված է Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի շուրջ, այս պահին քանդում են։
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հակոբ Կարապետյանը Yerkir.am-ի հարցին ի պատասխան վստահեցրեց, որ հուշարձանը քանդում են՝ նույնությամբ վերականգնելու համար։
«Տուֆը լրիվ մաշված, ջարդրտված էր․ նույնությամբ՝ առանց որևէ փոփոխության, վերականգնում են։ Ձևի որևէ փոփոխություն, առավել ևս ծավալի ավելացում չի լինելու, ուղղակի հուշարձանի այդ հատվածը վերականգնվում և բարեկարգվում է»,-ասաց նա։
Հակոբ Կարապետյանը բացառեց հուշարձանի տարածքում որևէ կրպակի կամ այլ հավելակառույցի կառուցումը։
Նա նշեց, որ աշխատանքներում ներգրավված ճարտարապետ չկա, ուղղակի Քաղաքապետարանի պատվերով վերականգնվում է։
Հուշարձանի հեղինակ ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը Yerkir.am-ին ասաց, որ վերականգնող ընկերության ներկայացուցչի խնդրանքով ինքը եղել է տարածքում, ծանոթացել աշխատանքներին։
Ասաց, որ ոչ թե ամբողջ հուշարձանն է վերացվում՝ նորը նույն նախագծով կառուցելու համար, այլ հատված-հատված՝ որտեղ քայքայված է, վնասված մասերը հանում են՝ նոր քարերով փոխարինեն։ Ճարտարապետը նշեց, որ ճառագայթները, որոնք հուշարձանի վերևի հատվածով ձգվում են դեպի շատրվանի գագաթի հատվածը, դրանց տակից ջուր է թափանցում։
«Կողքի բանկի շինաշխատանքների ժամանակ վնասել էին այդ իզոլյացիան, դրա համար էլ էդ պատերից ջուրն սկսեց գնալ։ Ուրիշ տեղեր էլ էին խափանվել, արդեն այդ կոմունիկացիաները լրիվ չէին կարողանում բավարարել։ Ուրիշ շինարարության ժամանակ էլ, որ կոմունիկացիաներ են անցկացրել՝ կիսատ են թողել, որևիցե մեկը պատասխանատվություն չի կրել և տենց մնացել է»,-պարզաբանեց Մկրտիչ Մինասյանը։
Նա կարծում է, աշխատանքների համար նախատեսված գումարը չափազանց քիչ է՝ գնումը շահել է նա, ով ամենաքիչն է առաջարկել։
«Ես նայում եմ այդ աշխատանքները, ուղղակի ես կուզենայի, որ եթե արդեն անում են՝ հատվածային չանեն, բոլորը անեն, որովհետև այդ ջրամեկուսացման աշխատանքների համար պետք է բոլորը հանել և նորից տեղադրել։ Այն վալիկով մեծ աստիճանները որ կան՝ 20 սմ լայնությամբ, բոլորը հենց վալիկով էլ պետք է անեն, տեղերը հարմարեցնեն, ուղղեն, որովհետև դրանք սկսել էին դեֆորմացվել։ Տեսնենք ոնց կլինի»,-ասաց ճարտարապետը։
Քանդելուց հետո արդեն ավելի հստակ կլինի՝ ինչ աշխատանք կա անելու։
Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ տուֆը մակերեսում արագ է քայքայվում։
«Բյուրականի վարդագույն տուֆի այդ հանքավայրը, որով կառուցել ենք հուշարձանը, պարզվում է, այնքան էլ դիմացկուն չէր։ Որոշ տեղերում կփոխարինեն ավելի կայուն՝ անդեզիտային կարգի տուֆերով, մի քիչ երանգը կփոխվի, բայց, ընդհանուր առմամբ, դա էլի կմնա վարդագույն։ Գույների տարբերությունն այնքան էլ չի երևա, որովհետև եթե տոնի մեջ պահեն՝ որևիցե խնդիր չի լինի։ Մի քիչ նարնջագույն կլինի, մի քիչ վարդագույն, բայց նույն տոնի մեջ կլինի»,-նշեց ճարտարապետը։
Հուշարձանը 1981 թ-ին է կառուցվել․ արդեն մոտ 50 տարեկան է, քիչ ժամանակ չէ։
«Բյուրականի տուֆն այն ժամանակ շատ լավն էր համարվում, բայց, պարզվում է, որ հետո ունեցավ թերություններ․ մեջի օբսիդիանը ջերմաստիճանի տատանումներից արկի բեկորի պես դուրս էր թռչում»,-պատմեց Մկրտիչ Մինասյանը։
Իրենց մոտ մի քիմիկոս կար, որը պետք է ամբողջ մակերեսը ներծծեր պաշտպանիչ շերտով, որպեսզի տուֆը չքայքայվեր։ Բայց այդ մարդը մահացավ ու չհասցրեց լրիվ անել։ Այնտեղ, որտեղ արված է, տուֆը պահպանվում է, եթե լրիվ ներծծած լինեին, հուշարձանի կյանքը կերկարեր։
Ճարտարապետը նշեց, որ հուշարձանի որոշ հատվածների համար ընտրել էին կարմիր գրանիտը։
«Մենք ընտրել ենք կարմիր գրանիտը․ ներքևը կարմիր գրանիտով վերգետնյա սրահն էր, հետո ստորգետնյա սրահն էր կարմիր գրանիտով, և մեկ էլ ուզում էինք վարդը արվեր կարմիր գրանիտով։ Բայց ընկեր Դեմիրճյանն ասաց՝ քայքայվեցինք մենք, շատ թանկ է նստում պետության վրա»,-հիշեց Մկրտիչ Մինասյանը։
Հիմա չեն էլ համարձակվում գրանիտի տարբերակն առաջարկել․ ճարտարապետն ասաց՝ հիմա առավել ևս շատ թանկ կնստի, հիմա ընդհանրապես ամեն բլոկը մի ամբողջ կարողություն է։ «Հետո վարդը գրանիտ անելու համար պոլիրովչնի մի քանի բրիգադ պետք է աշխատի․ տուֆով էր դժվար, ուր մնաց գրանիտով»,-ասաց նա։
Քանի որ հուշարձանը գլխավոր պողոտայի մոտ էր, իրենք՝ հեղինակները, ժամանակին չեն ուզեցել որևիցե շենք դնել, քանի որ արդեն իսկ շենք կար այնտեղ՝ կառավարական երրորդ մասնաշենքը։
«Մենք ունեինք տակի պլատֆորմը՝ այդքան էր թույլ տալիս մակերես դուրս չգալու համար, վերևի վեստիբյուլը և վեստիբյուլի առաջ բակ էր, որն ուներ ջրի շատրվաններ։ Այդ շոգ ժամանակ ջրի շատրվանների կողքը նաև սրճարան պետք է լիներ կամարների տակ։ Տուֆե աստիճաններով քայլելով բարձրանում ես վերև, որպեսզի վերևից նայես։ Վերևից էլ այդ շատրվաններն այնքան բարձր են, որ նաև մետրոյի կայարանի տեղը ցույց տար, չնայած 3 մուտքերին ցուցանակներ կային, բայց ծրագրում էինք, թե ինչպես դա կաշխատի վերևում»,-պատմեց Մկրտիչ Մինասյանը։
Նա ինքը շատ զբաղված է, աշխատանքներին իրեն չեն ներգրավել, ուղղակի գնում, հետևում է, որ հանկարծ շեղումներ չլինեն։
Ի դեպ, այս տարածքում հյուրանոց կառուցելու մտահղացում էլ է եղել․ դեռ 2011թ. օգոստոսի 18-ին կառավարության որոշմամբ Երեւանի քաղաքապետարանին իրավունք տրվեց առանց մրցույթի` 99 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով 5850 քմ մակերեսով տարածք հատկացնել չորսաստղանի 7-8 հարկանի հյուրանոցային համալիրի կառուցման համար։ Այն ժամանակվա Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մտահղացմամբ՝ տարածքը ընտրվեց Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից մասը։ Ներդրումային ծրագրի էսքիզային առաջարկությանը հավանություն տվեց Երեւանի քաղաքաշինական խորհուրդը: Սակայն բնապահպաններն ու ճարտարապետները բողոքեցին, որ մետրոյի կայարանի տարածքը նպատակահարմար չէ օգտագործել դրա համար` թե՛ էկոլոգիական, թե՛ սեյսմիկ եւ թե՛ քաղաքաշինական տեսանկյուններից:
Աննա Բալյան