կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 13:52
Մշակույթ

Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետ եմ, Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվելու. Արթուր Մեսչյան

Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետ եմ, Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվելու. Արթուր Մեսչյան

Այսօր լրագրողների հետ հանդիպեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա անդրադարձավ մի շարք խնդիրների՝ կիսակառույցներ, ապօրինի շինություններ, գերակա շահ համարվող տարածքներ: Մեսչյանը նշեց, որ կան մի շարք կառույցներ, որոնք ավարտված են, և կառույցներ, որոնք ընթացքում են, և դրանք ինքը համարում է երևանյան ճարպարապետության խայտառակություն:

Ըստ նրա` Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ, և Երևանին մոտենալ նոր օրենքներով` վտանգավոր է: «Հատուկ կարգավիճակի դեպքում ես կունենամ այն լծակները, որոնց միջոցով կկարողանամ մի շարք խնդիրներ լուծել»,- ասաց Մեսչյանը:

Նա նշեց նաև, որ ոչ մի հուշարձան «Հին Երևան» ծրագրի շրջանակում չի քանդվելու, դա վերաբերում է թե' Արամի 23-ին, թե' մյուսներին, որոնք գտնվում են այդ տարածքում: Մեսչյանի խոսքով՝ եթե շինարարությունը կխանգարի հուշարձանի գոյությանը, պետք է գտնեն որոշակի այլ լուծումներ: «Ճարտարապետի հետ ես արդեն պայմանավորվել եմ, այնպես որ՝ պատմական հուշարձանների քանդման թեման եկեք համարենք սպառված: Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետ եմ, Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվելու: Ճարտարապետները, որոնք նախագծեր կանեն այդ հուշարձանների մոտ, սկզբնակետը պետք է համարեն հուշարձանի պահպանումը: Այն սեփականատերերը, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կգտնվի որևէ հուշարձան, պարտավոր են ֆինանսավորել այդ հուշարձանի վերականգնման աշխատանքները»,- ասաց Մեսչյանը:

Խոսելով կետային շինարարության մասին՝ նա նշեց, որ խնդիրն այն է, որ կառուցապատողները գնել են այդ հողը, և կա մի խնդիր՝ գրեթե անհնար է արգելել գնված հողատարածքում չանել շինարարություն: Երևանի գլխավոր ճարտարապետը նշեց, որ պետք է գտնել բալանսը, որ և' բնակիչները չտուժեն, և' քաղաքն ինչ-որ բան ստանա, և' կառուցապատողը մեծագույն վնասների տակ չընկնի: «Կա՞ դրա համար լուծում, այո, կա: Աշխատո՞ւմ ենք այդ ուղղությամբ, այո, աշխատում ենք: Ես հանդիպել եմ կառուցապատողների հետ, ճարտարապետների հետ, և մինչ այսօր որևէ ճարտարապետ չի ասել, որ նախագծում  փոփոխություն անելն արդեն իսկ հնարավոր չէ: Կարծում եմ՝ մեր այդ հարաբերությունները կբերեն նրան, որ կարվի շինարարություն, բայց` տրամաբանության սահմաններում: 100 տոկոսով չեղյալ համարել շինարարությունը մի շարք հատվածներում, ցավոք, չի լինի` գնացքն արդեն գնացել է, օրինակ՝ Թումանյան 26-ում: Եթե ես լինեի գլխավոր ճարտարապետը, այդ ժամանակ ես կասեի` ոչ»,- ասաց նա:

Մեսչյանը նշեց, որ շինարարական հրապարակներ կան, որտեղ շինարարությունը կանգնեցվել է՝ մինչև գան տրամաբանական լուծումների: Նա կարծում է, որ հնարավորինս կպակասեցնի այն ցավը, որն այսօր տանջում է բնակիչներին: «Փոխվել է այն, որ ցանկացած կառուցապատող այժմ պետք է մտածի` կառուցապատում անելիս պետք է մի բան տա բնակիչներին: Մոտենալ այդ հարցին զուտ որպես բիզնեսի՝ էլ չկա նման բան, այդ ժամանակներն անցան»,- ասաց Մեսչյանը: