Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքապետարանը լռում է, քաղաքացիները բողոքում են, իսկ բանվորները քանդում են ու քանդում:
Նալբանդյան 106 հասցեում բարձրահարկ շենք կառուցելու հարցում բնակիչների եւ «Ավագ Շին» ՍՊԸ-ի միջեւ տարաձայնությունները շարունակվում են: Բանը հասել է նրան, որ արդեն շինարարական աշխատանքների համար ցանկանում են քանդել քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ընտանիքին պատկանող փոքրիկ այգին:
Չուբարյանի դուստրը` Անուշը, «Երկիր»-ին հայտնեց, որ դիմել է բազմաթիվ ատյանների, սակայն բոլորը, չգիտես թե ինչու, լռում են, իսկ տարածքը ոչնչացվում է: Չնայած մայիսի 18-ին Հայաստանի վարչապետը որոշում է կայացել, որ տվյալ տարածքի վերաբերյալ խնդիրները կարգավորելու համար ստեղծվելու է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով եւ քանդման, ապամոնտաժման գործընթացը պետք է դադարեցվի, սակայն, ինչպես տեղեկացնում է Ա. Չուբարյանը, կանաչ տարածքը վերացվում , եւ շինարարությունը կանգ չի առնում:
Քանդակագործի դստեր պնդմամբ` նախօրեին անհայտ, սեւ հագուստով անձինք, առանց ներկայանալու եւ առանց բնակիչների հետ նախապես պայմանագրեր կնքելու, սպառնացել էին քանդող տեխնիկայով մտնել Չուբարյանների բակ ու հողին հավասարեցնել ամեն ինչ:
Այսօր առավոտից բնակիչները հերթափոխով սպասում են այգին քանդել պատրաստվող ընկերության աշխատակիցներին` դա կանխելու համար: Վաղ առավոտյան այգի է եկել նաեւ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ հավատացրել, որ ինքը նույնպես նրանց կողքին կլինի:
Ա.Չուբարյանը պատմեց, որ հողակտորն իր պապին` Հայաստանի Առաջին Հանրապետության Սահմանադրության հեղինակ, ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր Գրիգոր Չուբարյանին է տրվել դեռեւս 1920-ականներին:
«Հողի սեփականությունը ապացուցող թղթերը կան ե'ւ արխիվներում, ե'ւ տանը: Ստացվում է այնպես, որ այն, ինչ բոլշեւիկները չկարողացան խլել 37 թվականին, եւ պապիկս կարողացավ պահել Բերիայի ձեռքից, խլեցին սրանք»,- նշեց նա:
Դեռ 2 տարի առաջ հոր քանդակները իրենց տարածքում ներկայացնելու եւ այն մշակութային կենտրոն դարձնելու նպատակով Անուշ Չուբարյանը դիմել էր քաղաքապետարան, սակայն մերժում էր ստացել:
Ի դեպ, նշենք, որ ե'ւ Չուբարյանները, ե'ւ հարեւանները, ե'ւ մի շարք ՀԿ-ներ մարտական են տրամադրված: «Եթե հանկարծ նորից հայտնվեն ինչ-որ մարդիկ եւ տարածքը քանդելու փորձ անեն, անմիջապես ոստիկանություն եմ զանգելու»,- ասաց տիկին Չուբարյանը: