կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-12 15:46
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության ու Ավինյանի «մատը խա՞ռն է»․ ո՞վ է քանդում պատմամշակութային հուշարձանը

Նորից սեւ ամպեր են կուտակվել Հանրապետության 46 շենքի գլխին։ Շինությունը, որը 19-20-րդ դարերի կառույց է, մի խումբ ակտիվիստներ ասում են՝ որոշել են ապամոնտաժել։ 

«Այս շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում է։ Բայց այն նորից փորձում են ապամոնտաժել այս տարածքի տերերը, որ էդ լոտը գնել են։ Թե ի՞նչ կանոններով, ի՞նչ թույլտվություններով, անհասկանալի է։ Ոչ մի փաստաթուղթ մեզ ցույց չեն տալիս։ Ընդամենը հեռախոսի մեջ ինչ-որ գծագիր են ցույց տալիս»,- Yerkir.am-ին ասաց «Ֆիրդուս․ տեղի հիշողություն» գրքի հեղինակ Տիգրան Ամիրյանը, որը նաեւ շենքն ապամոնտաժելու դեմ պայքարողներից է։

Շինությունը եղել է Երեւանի կենտրոնի ամենագեղեցիկ բնակելի շենքերից մեկը,-նշում են ապամոնտաժելու դեմ պայքարողները,-սա ոչ միայն Կենտրոնի, այլեւ ամբողջ Երեւանի խնդիրն է։

«Կառուցապատողները անընդհատ հղում են անում կառավարությանը եւ Տիգրան Ավինյանի գրասենյակին, որ՝ մենք ունենք թույլտվություն։ Թե ի՞նչ թույլտվություն է, ի՞նչ օրենքների վրա հիմնված, անհասկանալի է։ «Երեւանի ժառանգության կոմիտեն» դիմել է պետական մարմիններին, նամակներ կան, ինչ-որ դատական գործեր են եղել, բայց չենք ստացել այն պատասխանները, որոնք կբավարարեն»,- նշեց Տիգրան Ամիրյանը։

«Մարդկանց թվում էր, թե պետք է շենքը քանդվի։ Այնինչ՝ չի քանդվում, վերակառուցվելու է, եւ վերջ։ Վրան ոչ մի հարկ չի ավելանալու։ Վեց մետրը պատմամշակութային հուշարձան է, մի հատվածը, որը պատմամշակութային հուշարձան չէ, հետագայում քանդվելու է։ Շենքը պատվիրատու կազմակերպություն է, հանրային սեփականություն չէ։ Հանրային համարվում է հուշարձանը, որն իրենք արդեն ասել են՝ պիտի պահպանվի»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «ԿՌ Քոնսթրաքշն» ՍՊԸ տնօրեն Արման Մկրտչյանը։

Շենքը Փոքր Կենտրոնի տարածքում է, եւ տարածքի ու Ֆիրդուսիի հատվածում ապրողների մտահոգությունն է՝ կվերանա հին Երեւանի մասին վկայող վերջին շինություններից մեկը։

«Ֆիրդուսիի բնակիչ-սեփականատեր եմ։ Հիմա իմ անհանգստությունն է հերթական մշակութային արժեքի ապագան։ Ըստ իրենց խոսքերի, այլ ոչ թե փաստաթղթային ապացույցների՝ ընդամենը այս շենքի ճակատային մասն են պահում եւ ամբողջ շենքը քանդում են՝ հետեւի մասը, որն անվանելով, իբր թե, ծեփ է կամ, չգիտեմ, կավ է, որը անհեթեթություն է։ Ընդհանուր մեկ շենք է, որը մշակութային արժեք է, որը պետությունը պարտավոր է պարտադրել, որ պահպանեն»,- ասաց Ֆիրդուսիի բնակիչ-սեփականատեր Արա Շահումյանը։

Մշակույթի նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության նախկին պետ, վերականգնող ճարտարապետ Արմեն Աբրոյանի խոսքով՝ կապ չունի՝ մշակութային հուշարձանը պետակա՞ն, հանրայի՞ն, թե՞ մասնավոր սեփականություն է․ եթե պատմամշակութային հուշարձան է, այն իրավունք չկա քանդելու, ձեւափոխելու։

«Ըստ մեր կնքած, ստորագրած միջազգային կոնվենցիաների՝ հուշարձանը, դրա մասերը քանդելն արգելվում է։ Այսինքն՝ եթե նույնիսկ թույլտվություն ունի, ամբողջությամբ ապօրինի է, կապ չունի՝ անցել է համակարգով՝ գիտամեթոդական խորհուրդ, չի անցել։ Ժամանակին դրա փոփոխման, քանդելով վերականգնման կամ հարկերով բարձրացման համաձայնությունը մենք չենք տվել՝ լինելով համակարգում։ Նույնիսկ դրա ներքին տարածության մեջ գոյություն ունեցող հատվածները բացառիկ են»,- Yerkir.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Արմեն Աբրոյանը։

Ըստ նրա՝ այս շենքը քանդելը կամ վնասելը չի տարբերվում թշնամու՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը կամ Արեւմտյան Հայաստանի եկեղեցիները քանդել-ավերելուց։ 

«Մենք, լինելով մշակութային երկիր, ոչ մշակութային գործունեություն իրականացնելու իրավունք չունենք։ Եթե ասում են՝ քանդենք, ճակատը վերականգնենք եւ այլն, օրենսդրությամբ եւ մասնագիտորեն ո՛չ համոզիչ է, ո՛չ իրավաչափ։ Դա օտարման ենթակա հուշարձանների ցանկում է, այսինքն՝ կարող է մասնավոր անձի լինել, բայց դա որեւէ նշանակություն չունի հուշարձանի պահպանման համար՝ լինի պետական, համայնքային, Մայր Աթոռի, թե՝ մասնավոր ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պահպանության գործառույթը օրենսդրությամբ նույնն է․ չի կարող տարբերություն լինել՝ մասնավորի՞նն է, թե՞ պետությանը»,- նշեց Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության նախկին պետ, վերականգնող ճարտարապետ Արմեն Աբրոյանը։

ԿԳՄՍ նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը Yerkir.am-ին հայտնեց՝ շենքը ներառվելու է Ֆիրդուսիի կառուցապատման ծրագրում, հայեցակարգն արդեն հաստատվել է։

«Անմիջապես շենքի վրա չեն դրվելու հարկերը, այլ վեց մետր դեպի հետ, եւ երբ Ֆիրդուսիի բարձրահարկերը կառուցվեն էդ ծրագրի շրջանակներում, դա կներառվի որեւէ ձեւով էդ միջավայրի մեջ։ Բայց շենքը պահպանվելու է»,- Yerkir.am-ին ասաց Հարություն Վանյանը։

Նա եւս նշեց, որ օրենքով արգելվում է պատմամշակութային հուշարձանը քանդելը։

«Մնացած ցանկացած միջամտություն պիտի օրենքով սահմանված կարգով ներկայացվի նախարարություն՝ լիազոր մարմնին, որտեղ կան ընթացակարգեր, փուլեր, որոնք պիտի անցնի»,- ասաց Վանյանը։

Նա հայտնեց, որ շենքի ճակատն ամբողջությամբ երկաթե կոնստրուկցիաներով կամրացվի, կպահպանվի։

«Կա սեյսմիկ եզրակացություն, ներկայացրել են վերականգնող ճարտարապետներն ու կոնստրուկտորները։ Թե ի՞նչ մեթոդներով կպահպանվի կամ որեւէ հատված կապամոնտաժվի-կվերականգնի, դա արդեն կորոշվի, երբ նախագծային փուլում կներկայացնեն նախաձեռնողները, եւ գիտամեթոդական խորհրդում կքննարկվի։ Եթե կցակառույցների մասին է խոսքը, որոնք միգուցե ավելի ուշ շրջանում  են ավելացվել հուշարձանին, դա արդեն նախագծային փուլում, երբ ճարտարապետները կուսումնասիրեն եւ նախագիծ կներկայացնեն, կախված, թե հուշարձանը նախնական տեսքով ինչ չափերի է եղել, միգուցե նաեւ թույլատրվի ուշ շրջանի հուշարձանի հետ կապ չունեցող կցակառույցները քանդել-հեռացնել եւ վերականգնել ներքին բակերի, պատշգամբների հատվածները։ Իր հատակագծային լուծումներով եւ ամբողջությամբ շենքը պահպանվելու է»,- Yerkir.am-ին հայտնեց ԿԳՄՍ նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ 

Նրա խոսքով՝ հաստատ է, որ չի ապամոնտաժվելու շենքի ճակատային հատվածը, քարերը չեն համարակալվելու, չեն հանվելու։ 

«Կողքի պատերի վրա, քանի որ կան ճաքեր, վնասվածքներ, սեյսմիկ ուսումնասիրություն կլինի, դրա հիման վրա կներկայացվի առաջարկ, գիտամեթոդական խորհուրդը կորոշի՝ որեւէ մեթոդով դա հնարավո՞ր է ամրակայել-պահպանել, թե՞ պետք է կողքի պատերն ապամոնտաժվեն, նույնությամբ վերականգնվեն»,-նշեց Վանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում