Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիրանց գյուղում այս պահին չափագրում կատարողներըն ասում են, որ Ադրբեջանին հանձնվելիք միջպետական մայրուղու փոխարեն գյուղի միջով նոր ճանապարհ կառուցելու համար քանդվելու են ոչ միայն գյուղի տները, այլև գյուղի եկեղեցին ու դպրոցը. Yerkir.am-ին փոխանցեց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այս պահին Կիրանց գյուղում է:
«Գյուղի մեջտեղում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժերը, որոնց վերահսկողությանն է անցնում ոչ միայն գյուղի մի հատվածը, այլև սրբատեղիները, օրինակ՝ հայրենիքի ազատագրման ու պաշտպանության համար ընկած հերոսների պանթեոնն ու նրանց պատվին կառուցված հուշարձանը»,- հավելեց պատգամավորը:
Գառնիկ Դանիելյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը գիշերը մի պահ բացվել է, իսկ առավոտյան Կիրանցի բնակիչները կրկին այն փակել են: Ակցիային մասնակից են դարձել նաև կանայք ու երեխաները։
Հիշեցնենք՝ 2024 թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում՝ սահմանազատման քողի տակ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքները, և միակողմանի հանձնման գործընթացը լինելու է շարունակական:
Այդ ամենի արդյունքում՝ կազմաքանդվում է ողջ պաշտպանական-անվտանգության համակարգը Տավուշի մարզում, թշնամին ավելի հարմար է դիրքավորվում բնակավայրերի մոտ / մեջ՝ ստանալով ավելի ցավոտ խոցելու միջոցով նոր վերջնագրեր ներկայացնելու պատմական հնարավորություններ: