կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-26 16:18
Իրավական

Անբարեխիղճ մրցակցության համար «Կոկա-կոլա»-ն տուգանվեց 50 միլիոն դրամով

Անբարեխիղճ մրցակցության համար «Կոկա-կոլա»-ն տուգանվեց 50 միլիոն դրամով

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը տուգանվել է 50 միլիոն դրամի չափով: Որոշումը կայացվել է ՏՄՊՊՀ-ի այսօր՝ փետրվարի 26-ին կայացած նիստում:

Վարչական վարույթը հարուցվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա:

«Կոկա Կոլա» ՓԲԸ-ն մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել Հանձնաժողով, տեղեկացնելով, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառեւտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողները հրաժարվում են ձեռք բերել եւ իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի կոլա» ըմպելիքը: Իր ընկերության արտադրանքի իրացման նպատակով բոլոր բանակցությունները մնացել են անարձագանք: Մինչդեռ, վերը նշված բոլոր օբյեկտներում լայնորեն ներկայացված են «Կոկա Կոլա» ընկերության ըմպելիքները:

Այս առնչությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովը պահանջել է, որպեսզի վերոնշյալ տնտեսվարողները ներկայացնեն «Պեպսի կոլայի» իրացումից հրաժարվելու պատճառներն ու հիմնավորումները: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, ներկայացված հիմնավորումները մեղմ ասած արժանահավատ չեն: Ըստ դրանց, իբրեւ թե տարածքը սահմանափակ է եւ չեն կարող այլ ապրանք եւս իրացնել, եւ, բացի այդ, նշել են, որ սպառողների շրջանում առավել պահանջարկ ունի «Կոկա կոլան»: Հանձնաժողովը համարում է, որ վերոնշյալ պատճառաբանությունները անհիմն են: Ուսումնասիրությունները փաստում են, որ տարածքի սահմանափակվածության հանգամանքը չի կարող դիտարկվել որպես հիմնավոր պատճառ, քանի որ այդ օբյեկտներում ներկայացված են եւ իրացվում են շատ ավելի փոքր պահանջակ ունեցող եւ շատ ավելի քիչ եկամուտ ապահովող տարատեսակ այլ ըմպելիքներ: Ի դեպ, 11 տնտեսվարողներից 4-ը նախկինում իրացրել են «Պեպսի կոլայի» ըմպելիքները, հետո սակայն, առանց որեւէ պատճառաբանության հրաժարվել դրանցից: Մինչդեռ բոլորի մոտ առանց բացառության մինչ այսօր լայնորեն գովազդվում եւ ներկայացվում է «Կոկա –կոլա» ընկերության արտադրանքը:

«Կոկա-Կոլա» ՓԲԸ-ն որոշակի շահավետ պայմաններ է առաջարկում տնտեսվարողներին՝ միայն իր արտադրանքը իրացնելու պայմանով Վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովն ընդլայնել է ուսումնասիրության շրջանակները՝ դուրս գալով «Դալմա Գարդեն Մոլի» տարածքից եւ ընդգրկելով տասնյակ այլ օբյեկտներ՝ պարզելու, թե որքանով է վերոնշյալ խնդիրը կրում համընդհանուր բնույթ: Պարզվել է, որ զեղչերի, ակցիաների կամ այլ շահավետ պայմանների միջոցով «Կոկա-Կոլա»-ն պարտադրում է, որ տասնյակ օբյեկտներ իրացնեն միայն իր արտադրանքը: Օրինակ` ընկերության ֆիրմային սառնարանները անհատույց տրամադրվում են տնտեսվարողներին, ինչը տնտեսապես շահավետ է վերջիններիս, քանի որ սառնարանի ձեռքբերման եւ վարձակալության համար լրացուցիչ ծախսեր չեն կատարում:

Ընկերությունը արգելում է, որպեսզի իր սառնարաններում թեկուզեւ շատ փոքր քանակով ներկայացված լինեն այլ ըմպելիքներ, հակառակ դեպքում զգուշացնում է, որ իրավասու է կիրառելու որոշակի խիստ միջոցներ: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են նաեւ, որ «Կոկա-Կոլա»-ն տասնյակ տնտեսվարողների մարքեթինգային ծախսերի անվան տակ խոշոր չափերի հասնող գումարներ է փոխանցել, իբրեւ թե իր վահանակները, ցուցանակները եւ այլ պարագաներ ցուցադրելու համար: Արժանահավատ չէ նաեւ այդ հանգամանքը: ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ տասնյակ դեպքերում տնտեսվարողները ընկերության տարբերանշանով պարագաները ցուցադրում են անվճար: Ստացվում է, որ «Կոկա-Կոլա» ընկերության մարքեթինգային գործունեությունը կրում է ձեւական բնույթ: «Կոկա-Կոլա» ընկերությունը խիստ տարբերակված մոտեցում է ցուցաբերել նաեւ զեղչային քաղաքականության, ինչպես նաեւ ապրանքի դիմաց վճարման ստացման հարցում՝ տարբեր տնտեսվարողների հանդեպ կիրառելով տարբեր մոտեցումներ, ինչը, որպես գերիշխող տնտեսվարող իրավասու չէր անելու: Այսպիսով, ընկերության խիստ սուբյեկտիվ եւ խտրական մոտեցման արդյունքում տնտեսվարողներն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են եղել համագործակցել եւ իրացնել ընկերության ապրանքները՝ հրաժարվելով մրցակիցների ըմպելիքները իրացնելուց:

ՏՄՊՊՀ-ը համարում է, որ նման վարքագծի պատճառով «Կոկա-Կոլայի» եւ մրցակից ընկերությունների միջեւ ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ, ինչն անթույլատրելի է:

Մրցակցային հանձնաժողովը հանդես կգա օրենսդրական փոփոխությունների առաջարկով Հանձաժողովն ուսումնասիրել է նաեւ «Կոկա-Կոլա» ընկերության կողմից դրսեւորվող վարքագծի առնչությամբ առկա միջազգային փորձը: Մասնավորապես, ԵՄ տնտեսական մրցակցության օրենսդրությունը այս հարցի հետ կապված սահմանել է հստակ կարգավորումներ, համաձայն որի «Coca Cola Hellenic Bottling Company» ընկերության համագործակցող տնտեսվարողները իրավունք ունեն վերջինների տրամադրած սառնարաններում 20 տոկոսի չափով սեփական հայեցողությամբ տեղ հատկացնել նաեւ ցանկացած այլ ընկերության արտադրած ըմպելիքի համար: Նկատի ունենալով վերոնշյալ նախադեպը, ՏՄՊՊՀ-ը զուգահեռաբար նախապատրաստել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ, ըստ որի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները պարտավորված կլինեն իրենց կողմից տրամադրվող սառնարանների եւ ցուցապահարանների մինչեւ 20 տոկոսը տրամադրել մրցակից ընկերությունների ապրանքների ներկայացվածություն համար:

Հանձնաժողովը առաջիկայում կուսումնասիրի նաեւ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության գործունեությունը՝ պարզելու՝ արդյոք վերը նշված մրցակցային իրավախախտումները առկա չեն նաեւ այս ընկերության վարքագծում: