կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-08 16:02
Սպորտ

"Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2013" մրցաշարում հաղթեց Չարենցավանի թիվ 3 դպրոցի թիմը

"Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2013" մրցաշարում հաղթեց Չարենցավանի թիվ 3 դպրոցի թիմը

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության վճռորոշ հանդիպումները.հայտում է ՀՖՖ պաշտոնական կայքը:



Մրցաշարի եզրափակիչ հանդիպումները՝ մարզադաշտում հավաքված հանդիսատեսների հետ միասին հետևեցին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Արաս Օզբիլիսը, Մարկոս Պիցելին, Կարեն Մուրադյանը և Դավիթ Մանոյանը:



Մրցաշարի եզրափակիչ օրվա ծրագիրը բացեցին Վեդիի թիվ 1 և Երևանի 84-րդ դպրոցների թիմերը, որոնք պայքարեցին 3-րդ տեղը գրավելու համար: Վեդիի թիվ 1 դպրոցի պատանիները համոզիչ հաղթանակ տարան 8:0 հաշվով:


Եզրափակիչ հանդիպումը, որտեղ հանդիպեցին Չարենցավանի թիվ 3 և Մարտունիի թիվ 3 դպրոցները, նույնպես անցավ մեկ թիմի գերակշռող առավելությամբ: «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի գավաթը շահեց Չարենցավանի թիվ 3 դպրոցի թիմը՝ հաղթելով մրցակցին 7:1 հաշվով:


Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերի ֆուտբոլիստները Կոկա-Կոլա համակարգի կողմից ստացան արժևքավոր նվերներ՝ պլանշետներ, MP3 փլեյերներ, ֆոտոխցիկներ և մարզահամազգեստներ: Մրցանանակակիրներին պարգևատրեցին Արաս Օզբիլիսը, Դավիթ Մանոյանը և Մարկոս Պիցելին:


Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» ֆուտբոլի գավաթը Չարենցավանի թիվ 3 դպրոցի թիմին հանձնեցին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա (Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա) ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:


Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Չարենցավանի թիմի ավագ Արթուր Կոշկարյանը ստացավ գնդակ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, որի վրա իրենց ստորագրություններն էին թողել Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողները:

 


«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է ս.թ. ապրիլի սկզբին և անցել է երկու փուլով՝ առաջինում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 700 միջնակարգ դպրոցների 1999-2000 թվականին ծնված ավելի քան 8500 տղաներից և աղջիկներից կազմված թիմեր մրցել են խմբային մրցաշարում, իսկ երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը արդեն մրցել են եզրափակիչ դուրս գալու համար:



Առաջնության նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ, քանի որ շատ հանրաճանաչ ֆուտբոլիստներ իրենց սպորտային ուղին սկսել են հենց դպրոցից: