Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ չէ առաջին օրը «Հայլուրի» «Տեսանկյուն» հաղորդաշարը դարձյալ մեծ-մեծ բրդեց` այ մամուլ, այ լրագրողներ, ի՞նչ եք համակ ուշադրությամբ հետևում, թե ինչպես է մեր արդար երկրում ԿԸՀ ձևավորվում: Ուրիշ զբաղմունք չունե՞ք: Բա իսկի լսած կա՞ք, որ մի այնպիսի հասարակ հարց, ինչպիսին ԿԸՀ-ի ձևավորումն է, Ֆրանսիայում կամ մեկ այլ երկրում այսպիսի աժիոտաժ առաջացնի, ինչպես Հայաստանում: Եվ այս ամենը մուննաթով, մի հոնքը վերև քշտած ու եսիմ ինչ տոնով: Հավանաբար հաղորդաշարի հեղինակն այդ պահին տեղյակ չէր, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի մրցույթով չանցած Գարեգին Ազարյանը ԿԸՀ անդամի թեկնածություն է ստացել մեկ ուրիշի` Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած ցանկով: Այս թեման անհետաքրքի՞ր է հաղորդավարի «Տեսանկյունից», թե՞ իրոք հայկական ԶԼՄ-ներն սկսել են այլևս իրարից չտարբերել կարևորն ու անկարևորը:
Մեր կարծիքով` «Հայլուրը» պարզապես իր գործն է անում եւ ուրիշ ոչինչ, իսկ թեման, այնուամենայնիվ, կարևոր է, որովհետև մեծ աղմուկով ընդունված նոր օրենքի համաձայն պետք է առաջին անգամ ԿԸՀ ձևավորվի:
Բայց սկսենք այնտեղից, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գործողություններն այլևս սկսել են ասոցացվել կոկա-կոլայի գովազդային հոլովակից հայտնի խոսքերի հետ` կրկին փորձիր: Մամուլի մասին օրենք գրեց` չստացվեց: Փորձեց երկխոսության միջնորդ դառնալ ՀԱԿ-ի եւ իշխանության միջև` չստացվեց: Այս անգամ էլ փորձեց ընտրական հանձնաժողովի երեք անդամ ներկայացնել նախագահին` դարձյալ չստացվեց: Երեքից երկուսը` Աիդա Մուրադյանն ու Ռոզա Ստեփանյանը, ինքնաբացարկ հայտնեցին: Տեսնես այս ամենը ո՞ւմ տեսանկյունից պետք է հետաքրքիր լինի, եթե ոչ «Հայլուրի» ու նրա հավելվածի: Ինչևէ, Ֆրանսիայում այս կարգի բաներն իրոք չեն հետաքրքրում ո'չ հասարակությանը եւ ո'չ էլ ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Հայկական ԶԼՄ-ները, մինչև ՄԻՊ մրցույթի ավարտն էին արդեն աղմուկ բարձրացրել եւ տեսակետ հայտնել, թե մեր երկրում հնարավոր չէ ոչինչ փոխել, որովհետև ՄԻՊ ցուցակով ԿԸՀ երեք անդամներից երկուսը կլինեն Գարեգին Ազարյանն ու Աբրամ Բախչագուլյանը: Մամուլի հրապարակումների ճնշման տակ էր, երևի, որ ԿԸՀ մշտական հենասյուները «դուրս» մնացին մրցույթից եւ թվաց մի պահ, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ նաև մեր երկրում: Խնդրում եմ պարոնայք Ազարյանին ու Բախչագուլյանին` ինձ ճիշտ հասկանալ: Հարցը նրանց անձը չէ, այլ այն, որ, ի վերջո, մենք կարող ենք նախորդներից տարբեր ընտրություն ունենալ: Հենց իրենք` Ազարյանն ու Բախչագուլյանը վերջապես կարող են այլ որակի ընտրությունների ականատես լինել եւ անձամբ մասնակցել, եթե ցանկանում են:
Բայց, ոչ, երևում է ժամանակից շուտ ենք բոբիկացել: Ազարյանին, ինչպես սիրում է ասել Էդուարդ Շարմազանովը Թուրքիայի ղեկավարների մասին, դռնից դուրս հրավիրեցին, բայց նա ներս մտավ պատուհանով: Ինչ ասեմ, երևի առանց Ազարյանի, իրոք, հնարավոր չէ: Բայց սա արդեն հուշում է, որ ընտրակեղծիքների մեծ մասը, եթե չասենք ամբողջը, պարտակվում է հենց ԿԸՀ-ում ու ԿԸՀ-ի ձեռամբ: Այլապես ինչո՞ւ պետք է վերարտադրվելու խնդիր հետապնդող մեծամասնությունը այնքան ցավոտ ընդուներ խորհրդարանական ընդդիմության առաջարկներն ու կտրուկ մերժեր դրանք, պնդեր հանձնաժողովների ձևավորման իր տարբերակների վրա: Խնդրեմ, այդ հանձնաժողովներից մեկի` ամենագլխավորի ձևավորման գործընթացն արդեն ավարտվում է, ու մենք տեսնում ենք, որ Կարեն Անդրեասյանի «տրյուկները» կիքս են տալիս` Գարեգին Ազարյանը չկար, բայց Գարեգին Ազարյանը կա ու միշտ կլինի սցենարով:
Որ կողմից ուզում եք մոտեցեք հարցին: Հանրահայտ կոկա-կոլայի գովազդի ոչ պակաս հայտնի խոսքերն են: Մի դեպքում` Կարեն Անդրեասյանն է կրկին փորձում ու փորձում, իսկ մյուս կողմից` Գարեգին Ազարյանն է ընդմիշտ «կոկա-կոլա»:
Ի՞նչ էր պատահել, ինչո՞ւ մրցույթում հաղթած ԿԸՀ անդամության ՄԻՊ երեք թեկնածուներից երկուսը ինքնաբացարկ հայտնեցին եւ ՄԻՊ-ին խնդրեցին նախագահին չներկայացնել իրենց անունները: Որպես իրենց որոշման պատճառ, երիտասարդ, դեռ ոչ մի անգամ չվարկաբեկված իրավաբաններ Աիդա Մուրադյանն ու Ռոզա Ստեփանյանը բերում են մամուլի կողմից հարցի անհարկի շահարկումն ու կանխակալ կարծիքները ԿԸՀ-ի դերի ու նշանակության մասին: Որտե՞ղ էր այդ պահին «Տեսանկյուն» հաղորդաշարի հոնքը վերև քշտած մուննաթ-հաղորդավարը, որտե՞ղ էր «Հայլուրի» ստեղծագործական խումբը, որտե՞ղ էին այդ խմբին հրահանգներ տվող համապատասխան վերևները` թող հետ բերեին ինքնաբացարկ հայտարարած մարդկանց, բացատրեին, որ դա այնքան էլ այդպես չէ, որ ԿԸՀ-ն այնքան էլ խայտառակված կառույց չէ եւ կարելի է այնտեղ աշխատել` մնալով արդար ու ազնիվ: Բայց ինչպե՞ս անեն այդ, երբ առանց Ազարյանի յոլա գնալ չեն կարող, երբ այս երիտասարդ իրավաբանները մրցույթում հաղթել են Ազարյանին, բայց ԿԸՀ գնալով, նախ` տեսնելու են, որ Ազարյանն արդեն այնտեղ է, եւ ապա` ստիպված են լինելու քվեարկել, որ Ազարյանը դառնա հանձնաժողովի նախագահ:
Էդիկ Անդրեասյան