կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-21 12:11
Հասարակություն

Էներգետիկայի նախարարությունը արդարացի է համարում հասարակության դժգոհությունը էլեկտրաէներգիայի թանկացումից

Էներգետիկայի նախարարությունը արդարացի է համարում հասարակության դժգոհությունը էլեկտրաէներգիայի թանկացումից

Անցած տնտեսական տարվա ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով նախարար Երվանդ Զախարյանը հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Ըստ հաշվետվության` Հայաստանի էներգետիկ համակարգի համար 2015-ը բարդ ու դժվար տարի էր:

Սակայն նախարարությունը կարծում է, որ, չնայած դժվարություններին, հաջողվել է հաղթահարել ի հայտ եկած դժվարությունները և ավելացնել հզորությունները՝ բարձրացնելով դրանց անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգը ինտեգրել տարածաշրջանային ծրագրերում: Նախարարությունն իրականացրել է ֆինանսական առողջացմանն ուղղված քայլեր, որոնք հանգեցրեցին նրան, որ համակարգի մի շարք կարևոր օղակներ դադարեցին պարտքեր կուտակել, հաջողվեց փակել նախկին վնասները:

Խոսքը, ըստ էներգետիկայի նախարարության հաշվետվության, վերաբերում է, մասնավորապես, ՀԷՑ-ին, որը տարբեր պատճառներով վերջին տարիներին կուտակել էր մի քանի տասնյակ միլիարդ դրամի հասնող վնասներ՝ մեծացնելով ճնշումը էլեկտրաէներգիայի սակագների վրա և խնդիրներ ստեղծելով համակարգի մյուս ձեռնարկությունների համար: Մի շարք օբյեկտիվ գործոնների պատճառով ՀԾԿՀ-ն ստիպված էր թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ինչը արդարացի դժգհություններ առաջացրեց հասարակության շրջանում:

Հաշվետվության մեջ ասված է. «Հնչող մտահոգությունները փարատելու նպատակով կառավարությունը ներգրավվեց միջազգային խորհրդատվական ընկերությանը, սակագների հիմնավորվածությունը ապացուցելու նպատակով, իսկ կառավարությունը ստանձնեց բնակչության փոքր ու միջին բիզնեսի համար սակագների սուբսիդավորման պարտավորությունը:

Կատարված ուսումնասիրություններից հետո միջազգային խորհրդատուն հայտարարեց սահմանված սակագները հիմնավորված լինելու մասին: Չնայած դրան, կառավարությունը ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ հետ շարունակեց էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման տրամադրումը՝ շեշտը դնելով հասարակության սոցիալապես առավել խոցելի խմբերին աջակցելու վրա։ Պահպանվեց նաև փոքր և միջին բիզնեսի սուբսիդավորումը։ Այն կշարունակվի մինչև սակագնային տարվա ավարտը՝ 2016թ. հուլիսի 31-ը»:

Նախարարությունը խիստ հսկողություն է սահմանել պետական ընկերությունների ֆինանսական հոսքերի նկատմամբ:

Հաստատված էներգահաշվեկշիռների կանխատեսման նոր կարգով` «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կողմից խստորեն պահպանվեցին էներգահաշվեկշռով նախատեսված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, ինչի արդյունքում ՀԷՑ-ում վնասներ չեն ձևավորվել, ընդհակառակը՝ առաջացել է դրական տարբերություն՝ շուրջ 3,0 մլրդ դրամի չափով:

Իրականացվեց համակարգի պետական ընկերությունների փոխադարձ պարտավորությունների մարում։ Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակվեց դրանց ֆինանսական առողջացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որով նախատեսվում է վարկերի վերակառուցում։ Անցած տարի արտադրող կայանների կողմից Հայաստանում թողարկվել է 7,8 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 0,62 տոկոսով ավել է 2014թ. համեմատ։ Դրանից արտահանվել է 1,4 մլրդ. կՎտ ժամը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն սպառողներին առաքել է 5,5 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Այն 2014թ. համեմատ ավելացել է 2 տոկոսով։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում 2015թ. արձանագրվել է էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների կրճատում։ Դրանք կազմել են 11,1 տոկոս։ Նախորդ տարի ՀԷՑ-ում կորուստները հասնում էին 12,73 տոկոսի։ Կորուստների կրճատմանը նպաստել են համակարգի ֆինանսական վիճակի կայունացման ուղղությամբ նախարարության ձեռնարկած քայլերը, ինչպես նաև նոր սեփականատիրոջ կողմից իրականացված միջոցառումները»։