կարևոր
6193 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-25 22:10
Հասարակություն

Դիլիջանցիները զայրացած են տաքսիների սակագնի թանկացումից

Դիլիջանցիները զայրացած են տաքսիների սակագնի թանկացումից

Դիլիջան քաղաքը Երևանից հեռու է մոտ 96 կմ։ Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ գործող միկրոավտոբուսային երթուղու տոմսի գինը 1000 դրամ է։

Դիլիջանցիները օգտվում են նաև Երևան-Իջևան միկրոավտոբուսային երթուղուց, որի դեպքում նույն գինն են վճարում՝ 1000 դրամ։

Գործում են նաև հարկային դաշտում գրանցված և չգրանցված տաքսի ծառայություններ ու անհատ տաքսիստներ, ովքեր մայրաքաղաքի ցանկացած կետից ուղևորներին հասցնում են Դիլիջանի ցանկացած կետ և հակառակ ուղղությամբ։ Այդ տաքսի ավտոմեքենաներից օգտվում են 4 ուղևոր, ավելի մեծ ուղևորներ տեղափոխող տաքսի մեքենաների դեպքում՝ ավելի շատ ուղևորներ, որոնցից յուրաքանչյուրը վճարում է երկու հազար դրամ։

Սակայն վերջերս տաքսիստները բարձրացրել են սակագինը, այդ տաքսի ծառայություններից օգտվողները արդեն վճարում են 2500-ական դրամ։ Դա հարուցել է սոցիալական բազում խնդիրներ ունեցող Դիլիջան համայնքի բնակիչների դժգոհությունը, ովքեր նշում են, որ օրինակ Երևան-Վանաձոր հեռավորությունը ավելի քան 117 կմ է, այդ ուղերթում տաքսիների սակագինը 1500 դրամ է։

Դիլիջան քաղաքից հայտնում են, որ դեռևս գործում են քիչ թվով տաքսի ծառայություններ և անհատ տաքսիստներ, ովքեր Դիլիջան-Երևան-Դիլիջան ուղերթում ուղևորներին տեղափոխում են 2000 դրամով, սակայն այդպիսի տաքսիների թիվը քիչ է, դրանց գտնելը և այդ ավտոմեքենաներում ազատ տեղ ճարելը դժվար գործ է։

Ոսկան Սարգսյան

Լրագրող