Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀԾԿՀ նիստին, որի ընթացքում կայացվեց էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, մասնակցում էր նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա նշեց, որ քառյակի ներկայացուցիչների փաստարկներն այնքան հիմնավոր էին, որ որևէ հակափաստարկ այդպես էլ չհնչեց ո'չ հանձնաժողովի անդամների, ո'չ էլ էլեկտրաէներգիա արտադրող կայանների ներկայացուցիչների կողմից, պարզապես քառյակի հնչեցրած փաստարկներին հետևեց որոշման միաձայն քվեարկությունը:
«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռոբերտ Նազարյանի հետ: Նա այն միտքն է հնչեցնում, որ եթե կան ռեզերվներ, լուծումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի խուսափել թանկացումից, ուրեմն իրենք պատրաստ են լսել»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Նա, որպես տնտեսագետ, նշեց, թե ինչ լուծումներ ու ռեզերվներ է տեսնում, որոնք հնարավորություն կտան խուսափելու էլեկտրաէներգիայի թանկացումից: Ըստ պատգամավորի` նախ, երբ եթե ուսումնասիրում ենք ամբողջ էներգետիկ համակարգը, ապա կարելի է ասել, որ «շան գլուխը թաղված է» արտադրող կայաններ-ՀԷՑ հարաբերություններում, որովհետև արդեն երկրորդ տարին է, որ հենց այս օղակում են առաջանում ֆինանսական ճեղքվածքները, որում էլ պատասխանատու են երկու մարմին` ՀԾԿՀ-ն և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն: «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն ամսական ստանում է 126 միլիոն դրամ հաստատագրված վճար արտադրող կայաններից, պետք է ժամանակին զգուշացներ այդ ռիսկերի մասին, որովհետև հանձնաժողովը նախապես է հաստատում ներդրումային ծրագիրը: Պատգամավորը նշեց, որ թանկացումից խուսափելու մի քանի քայլ է տեսնում:
1. Ֆինանսական ճեղքվածքը օրենքով 3 տարվա ընթացքում մեկ երրորդ հարաբերակցությամբ փակի պետությունը, այսինքն` այդ ֆինանսական ճեղքվածքի 30 տոկոսը պետք է պետությունն իր վրա վերցնի, դա մոտավորապես կազմում է 5,5 միլիարդ դրամ:
2. Ամորտիզացիան/ մաշվածքը/ և շահույթը պետք է վերանայել, որը ևս պետության վերահսկողության ներքո պետք է լինի:
3. Շահույթի նորմայի իջեցում, որովհետև շատ արտադրող կայաններում կա շատ բարձր շահութաբերություն: Դա պետք է վերանայել:
4. Կորուստները պետք է նվազեցնել, միայն 3-4 տոկոսով նվազեցումը կարող է հանգեցնել իրավիճակի մեղմացմանը:
5. Եթե այսպես շարունակվի, ֆինանսական ճեղքվածքը կարող է շարունակվել, հետևաբար` պետք է կարգուկանոն հաստատել արտադրող կայաններ-ՀԷՑ արտադրահարաբերություններում: Պետության կարգավորիչ դերն այստեղ շատ անարդյունավետ է եղել մինչ այժմ:
«Պետությունը կարող է իրականացնել քայլեր` իրավիճակը մեղմելու համար, և խնդիրը նաև քաղաքական դաշտում է: Քառյակը պատրաստ է ներկայացնել իր առաջարկները ՀԾԿՀ-ին և սպասել, տեսնել` ինչ կպատասխանեն հանձնաժողովը և կառավարությունը»,- ասաց պատգամավորը: