կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-16 22:33
Քաղաքական

Դատապարտել եմ ստորագրված ամոթագիրը և միացել մեր հասարակության արդարացի վրդովմունքին. Ա. Մելքոնյան

Դատապարտել եմ ստորագրված ամոթագիրը և միացել մեր հասարակության արդարացի վրդովմունքին. Ա. Մելքոնյան

ՀՀ ԳԱԱ պատմության  ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Արցախի շուրջ ստեղծված իրադրության մասին, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի հայրենակիցներ

Այս պահին թիվ մեկ խնդիրը հերոսաբար կռված բանակի կազմալուծումը բացառելն ու քաղաքացիական բախումները չեզոքացնելն է։

Չմոռանանք, որ նահատակված զինվորի և այս պահին թշնամու դեմ կանգնած նրանց ընկերների շնորհիվ է մեր հսկողության տակ մնացել Արցախի տարածքի մի մասը, որը վաղը պետք է դառնա հայրենիքի տարածքային ամբողջականության վերականգնման հենասյունը։

ՍԹԱՓՎԵՔ, երբ հետևում ես առաջնագծի քարտեզին, այն կարծես փոփոխվում է։ Որքան ես կարողացա պարզել, նոյեմբերի 10-ին Ամարասի վանքը մեր հսկողության տակ էր, հիմա, ըստ տարածվող որոշ քարտեզների՝ ոչ։ Նոր մի կերպ Արցախից պարզեցի, որ բարեբախտաբար սրբավայրը մեր հենակետում կանգնած հերոս տղաների հսկողության տակ է։ Ով է պարզաբանում տալու, թե այս պահին որ գյուղը, որ ծառն ու թուփը ում ձեռքին է։ Եթե զգոն ու հետևողական չլինենք, թուրքերը առաջնագծից կշարժվեն հօգուտ իրենց։ Բանակը չպիտի հետքայլ անի ստեղծված առաջնագծից՝ մինչև խաղաղապահների տեղակայումը։ Այսօր Արցախում ամեն մի թիզ հողն ու պետականության կրող կառույցները՝ իշխանության մարմինները, զինուժը պետական խորհրդանիշները պահելն ու ամրապնդելը հրամայական է։ Այնպես որ, այս պահին էլ ճակատը Արցախում է, որտեղ երկաթե կարգապահություն է պետք։ Այնտեղ ստեղծված ծանր իրավիճակից օգտվելով՝ որոշ տեղերում թափթփուկներն ու թալանչիները գլուխ են բարձրացնում։ Ժամ առաջ պետք է կազմակերպվենք և չմոռանանք, որ մեր ապագայի գրավական ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ կանգուն են։

Հերթական մղձավանջը ևս կանցնի։ Պատմաբանի տրամաբանությունը դա է հուշում:

Հավելենք, որ պատմաբանի դիտարկման որոշ դրույթներ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեցին հանրային որոշ շրջանակների մոտ, ինչից հետո Աշոտ Մելքոնյանը կրկին ֆեյսբուքյան էջում հրապարակեց պարզաբանում, որը ևս ներկայացնում ենք ստորև.

Սիրելի հայրենակիցներ

Այսօր ֆեյսբուքյան իմ գրառման մեջ մտահոգություն էի հայտնել Արցախում ստեղծված բարդ իրավիճակի, մասնավորապես առաջնագծում թշնամու կողմից շփման բնագիծը հօգուտ իրեն տեղաշարժելու քայլերը կանխելու անհրաժշտության մասին։ Միաժամանակ նշել էի, որ «այնտեղ (այսինքն՝ Արցախում), ստեղծված ծանր վիճակից օգտվելով, որոշ տեղերում թափթփուկներին ու թալանչիները գլուխ են բարձրացնում»: Պարզաբանեմ, թե խոսքս ում մասին է։ Այն իսկապես թալանչիների մասին է, որոնք Ստեփանակերտում և այլ բնակավայրերում, օգտվելով իրավիճակից, այս օրերին խանութներ ու տներ են թալանել և «ավարը» տեղափոխել։ Ուղղակի անհարմար էի զգում փակագծերը բացել։ Այնպես որ այդ բառերը այլ անձանց և առավել ևս քաղաքական ուժերին չի վերաբերում։ Ես իմ հեռուստաելույթներով քանիցս դատապարտել եմ ստորագրված ամոթագիրը և միացել մեր հասարակության արդարացի վրդովմունքին: