կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 17:55
Քաղաքական

ՀՀԿ-ականը սիրային հայերեն ձոնեց ՕԵԿ-ական պատգամավորին

ՀՀԿ-ականը սիրային հայերեն ձոնեց ՕԵԿ-ական պատգամավորին

Այսօրվա ԱԺ արտահերթ նիստը ևս աչքի ընկավ լիրիկական զեղումներով: Այս անգամ իր գրական ճաշակը ցուցադրեց ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Նա ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին ձոնեց Նահապետ Քուչակի հայտնի սիրային հայերեններից մեկը:

«Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավարը գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հարակից զեկուցող Տաճատ Վարդապետյանին ասաց. «Իմանալով ձեր ստեղծագործական տաղանդը, ստեղծագործությունները ճիշտ շեշտադրմամբ ներկայացնելու հատկությունը` խնդրում եմ, պատասխանեք ըստ այդմ: Մենք հաճախ օգտագործում ենք «ինձանից հետո ջրհեղեղ», այս դեպքում մեր քաղաքականությունն այնպիսին է, որ մեզանից հետո՝ անապատ: Ի՞ նչ եք կարծում, մենք կարո՞ ղ ենք այս նախագծով փոխել գաղափարը: Ինչպիսի՞ ներդաշնակ ստեղծագործական մոտեցում կցուցաբերեք՝ այս խնդիրը ոչ սուր շեշտադրումներով առաջ տանելու»:

Տաճատ Վարդապետյանն ասաց, որ հիանում է Բիշարյանի երևակայությամբ և ասաց, որ բավականին տեղին մտահոգություններ հայտնեց ՕԵԿ-ական տիկինը, և ինքն էլ ուզում է, որ ո\'չ ջրհեղեղներ լինեն, ո\'չ էլ անապատացում: Բիշարյանն էլ նշեց, որ հայտնի մարդիկ բիզնեսներ են ծավալում, որից տուժելու է մեր երկիրը և ապագա սերունդը, քանի որ ջրային ռեսուրսները շռայլորեն օգտագործում են սեփական բիզնեսների համար:

«Հնարավոր չէ՞ պոմպերով ջրերի օգտագործումը սահմանափակել, որովհետև մեծ քանակով է ստանում ջուր ու հնարավոր չի լինում վերականգնել: Ոմանք բիզնեսի համար մեր ապագան են կործանում: Այստեղ տեղին է հիշել «Մեկին հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ մեկ չորքոտանի» արտահայտությունը»:

Վարդապետյանն էլ նկատեց, որ իր և Բիշարյանի միջև ինտելեկտուալ երկխոսություն է ծավալվում և նշեց. «Այս պահին ակամայից Նահապետ Քուչակին եմ հիշում: Ուզում եմ ասել՝ դու ձուկ, ես ջուր, հոգի՛ս, առանց ջուր ձուկըն մեռանի»:

Բանաստեղծական երկխոսությանն արձագանքեց նաև ԱԺ փոխխոսնակը, նշելով, որ որևէ մեկը իրենց չի պատրաստվում խանգարել, սակայն, Վարդապետյան-Բիշարյան լիրիկական զեղումներն այսքանով ավարտվեցին: