կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-28 18:07
Քաղաքական

«Ժուռնալ ունենք, ամեն ինչ անցկացնում ենք այդ ժուռնալում». ՕԵԿ-ականը չի հերքում, որ մարդկանց անձնագրերն են պատճենահանում

«Ժուռնալ ունենք, ամեն ինչ անցկացնում ենք այդ ժուռնալում». ՕԵԿ-ականը չի հերքում, որ մարդկանց անձնագրերն են պատճենահանում

Հայտնել էինք, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն համայնքում «Հայկական վերածնունդ» կուսակցության` տեղի կառույցի անդամները ցուցակագրում են մարդկանց, նույնիսկ` մահացածների վկայականներն են պահանջում` պատճառաբանությամբ, թե համայնքի բոլոր անդամների` դեռևս խորհրդային շրջանից մնացած ավանդները վերադարձվելու են:

Ջրաշենի համայնքապետ Վահան Ուռուսյանը Yerkir.am-ի հետ զրույցում «Հայկական վերածնունդ»-ի այս քայլը կապել էր ընտրությունների հետ: «Դեմն ընտրություններ են, «Վերածնունդն» էլ խաբում է ժողովրդին, փող է խոստանում»,- հայտարարել էր նա:

Ուշագրավ է, որ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն համայնքի «Հայկական վերածնունդ» կառույցի անդամ Սամվել Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ իրենք անձնագրեր ու մահացածների վկայականներ են հավաքում: «Այո', նման բան կա, շարունակում ենք այդ գործողությունները: Մենք հավաքում ենք անձնագրերը, պատճենահանում: Ժողովրդին ասել ենք, որ ավանդների վերադարձման համար է: Անձնագրերի պատճենները հանձնում ենք մեր ընդհանուր շտաբին, այնտեղից ուղարկելու են Երևան: Տանում են, որ այնտեղ` Ազգային ժողովում, այս հարցը լուծեն, ասեն` այսքան գումար ժողովրդի համար չեք վճարել»,- ասաց նա:

Քիչ առաջ էլ Yerkir.am-ի խմբագրություն զանգահարեց  «Հայկական վերածնունդ» կուսակցության` Սպիտակից անդամ Նորիկ Քերոբյանը` փորձելով «շտկել» իրավիճակը: 

«Մենք ուրիշ բան չենք անում, ուզում ենք փաստացի իմանանք` մարդիկ էսօր ինչի՞ համար չեն ստացել իրենց ավանդները, մեկ էլ ուզում ենք նոր օրենքի ուժ տանք, որ ժառանգներն էլ ստանան ավանդները. եթե իմ հայրը էդ երկրի բնակիչ է, և ինքը պարտք ունենար, պետությունը պիտի գար` ինձանից իմ հոր գումարը ետ ուզեր, չէ՞: Հիմա, հարգելի' պետություն, հարգելի կառավարություն իմ հոր պարտքը եկել եմ` քեզանից ուզեմ: Վա՞տ նախաձեռնություն ենք անում»,- փորձեց բացատրել նա:

Երբ տեղեկացրեցինք, որ Ջրաշենի իրենց կառույցի ղեկավարն է հաստատել, որ անձնագիր են հավաքում /իսկ դա օրինական գործողություն չէ-խմբ./, Քերոբյանը տարօրինակ հայտարարություն արեց. «Մարդն ինքը գալիս է, հաստատում է, որ ինքը ունի ավանդ: Ասում է՝ ունեմ փաստաթղթերը, թող մնա ձեզ մոտ, որ հաստատ համոզված լինեմ: Մարդկանց վիրավորե՞մ, արհամարհե՞մ, ասե՞մ` վեր կաց գնա: Մարդն իր հոժար կամքով բերում, հանձնում է անձնագիրը, մենք էլ վերցնում ենք: Օրենքի ուժ ենք ուզում տալ, վատ բան չենք անում երևի»:

Դիտարկմանը, որ առանց մարդկանց անձնագրերը պատճենահանելու էլ կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, եթե, իրոք, նպատակը դա է եւ ոչ թե ընտրություններից առաջ մարդկանց անձնական տվյալների հավաքագրումը, Քերոբյանը պատասխանեց. «Մենք չիմանա՞նք, թե որքան մարդ այսօր այս խնդիրն ունի, մարդը դիմում է գրում եւ ասում՝ վերցրեք իմ անձնագիրը»:

Երբ հակադարձեցինք, որ հաշվարկները կան ավանդների վերադարձի վերաբերյալ, նա կրկին փորձեց արդարանալ. «Բա ի՞նչ անենք, մարդիկ գալիս են, դիմում են, չվերցնե՞նք»:

Քերոբյանը չկարողացավ բացատրել, թե ինչո՞ւ են հենց կոնկրետ իրենց դիմում մարդիկ: «Մարդը բերում է, որ տեսնենք, չէ՞, իրականում ինչքան գումարի խնդիր կա, ու ինչու չի ստացել: Հիմա մարդիկ են գալիս, ես տեսնում եմ, որ ինքը արդեն ստացել է, ասում եմ` կներեք դուք արդեն ստացել եք, ասում է` չէ, ես ուզում եմ դիմեմ` իմ տոկոսները հետ ստանամ»,- արդարացավ նա:

Մեր պնդող հարցին` ինչո՞ւ են, այդուհանդերձ, հենց իրենց դիմում, նշանակում է՝ հայտարարությամբ են հանդես եկել, Քերոբյանը հղում արեց Արթուր Բաղդասարյանի` վերջերս ունեցած ելույթին:

Մեր ճշտող հարցին, թե քանի՞ անձնագիր են պատճենահանել, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ես, այստեղ նստած, մարդկանց անձնագրեր չեմ հաշվում: Մենք նաև ժուռնալ ունենք, ամեն ինչը հետո անց ենք կացնում էդ ժուռնալում»:

ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նախ շփոթված ասաց, թե առաջին անգամ է լսում, հետո հայտարարեց, թե կատարվածի վերաբերյալ «ճիշտ բառ է ուզում գտնել» եւ գտավ.  «…ահա` ինվենտալիզացիա ենք անում, որ հասկանանք` որքան մարդու ավանդները չեն տրվել»:

ՕԵԿ-ական պատգամավորը շարունակ պահանջում էր իրեն հարցեր չտալ, բայց, ի վերջո, ասաց. «Այն մարդիկ, ովքեր շահառուներ են, մենք տեղեկացնում ենք, որ գան, իմանանք, թե որքան ավանդ է մնացել, որ տրվեն, որ կարողանանք օրենսդրական նախաձեռնության մեջ ներառել այդ կետը: Մարդիկ ինքնուրույն դիմում են մեր գրասենյակներ»:

Հիշեցնենք, որ անձի անձնագիրը վերցնելը վարչական իրավախախտում է և ենթադրում է վարչական պատասխանատվություն: