Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը, այս պահին առավել, քան երբևէ, հետաքրքրված է ներքաղաքական ինտրիգներով: «Հլը տեսնենք, անհամբեր, շնչակտուր սպասում ենք կոալիցիոն համաձայնագրին: Ինձ շատ հետաքրքիր է` ինչ են որոշելու և ինչ փոփոխություններ են լինելու, քանի որ մեր` Արագածոտնի մարզի անունն է շոշափվում, ինձ շատ հետաքրիր է, թե ումով կփոխարինվի այսօրվա մարզպետը... Ես մտահոգված եմ այս քաղաքական պրոցեսներով, այսօր պատասխանատվության հարց կա, չէ՞ որ միայն պաշտոններ զբաղեցնելով չէ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նաև անկեղծացավ ԲՀԿ-ում ստեղծված վիճակի մասին խոսելիս: «ԲՀԿ-ն, փաստորեն, ցանկություն չհայտնեց միասին ղեկավարելու: Ես ինչքան գիտեմ, նրանք հրաժարվել են կոալիցիայից: ԲՀԿ-ում եղել են խմորումներ` կեսն ուզում էր համագործակցել իշխանությունների հետ, կեսը` ոչ: Իրականում իշխանությունների հետ համագործակցելն ամոթ բան չէ, շատ լավ է, որովհետև դա ինքնանպատակ չէ, որովհետև շատ ծանր մարտահրավերներ են սպասվում, պատասխանատվության բեռը վերցնելու, ուժ, կարողություն պետք է ունենալ: Դրա համար կարծում եմ, որ պետք է սպասենք, տեսնենք` ոնց է լինելու»,- ասաց պատգամավորը:
Մեր հարցին, թե դեռ չի՞ մտածում քաղաքական հանգրվան գտնելու, որևէ կուսակցության անդամագրվելու մասին, Ախոյանը պատասխանեց. «Ես առայժմ չեմ մտածել` որ կուսակցությունում կհանգրվանեմ: Իհարկե, այս փոփոխությունից հետո պետք է լինենք որևէ քաղաքական դաշտում, անպայման պետք է ինտեգրվենք որևէ քաղաքական ուժի: Դեռ այդ մասին չեմ մտածում և կարծում եմ, որ տաշած քարը գետնին չի մնա»:
Հարցին`ակնկալո՞ւմ եք, որ որևէ կուսակցությունից հրավեր եք ստանալու, պատգամավորը պատասխանեց. «Անպայման, բայց դեռ չեմ մտածել` որ կուսակցությունից կարող է լինել: ՀՀ-ում այսօր չկա մի կուսակցություն, որ լինի իդեալական, և ասենք` այ, տեսե\'ք: Ես հոգեհարազատ կուսակցություն եմ ուզում գտնել, որ իմ սկզբունքներին և տեսակին համապատասխան լինի»:
Ախոյանը հավելեց, որ չի ուզում որևէ կուսակցության անուն տալ: «Ինձ ճանաչելով` կտեսնեք, որ իմ մեջ կան բավականին նժդեհական գաղափարներ, եթե մի քիչ խորանում եք, տեսնում եք ահագին դաշնակցական գաղափարներ: Ինձ համարում եմ մի ներկապնակ` բոլոր կուսակցությունների փունջ, ամեն ինչ էլ իմ մեջ կա, բոլոր կուսակցությունների լավ բաները»,- ասաց նա: