|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Գարո Փայլանը, որը թերևս շատ վաղուց ակնառու առաջ է տանում Հայաստանի պետական հեռանկարի վերաբերյալ Թուրքիայի քաղաքական ռազմավարական պատկերացումն ու միտքը, հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կունենանք ապագա, իսկ անցյալը եղել է շատ վատը։
Այս «միտքը» իր ցինիզմով ու անամոթությամբ այնպիսին է, որ անգամ քննարկելն իսկ կարող է լինել չափազանց պատիվ դրա հեղինակի համար։ Բայց, հարցն այն է, որ այդ և այդօրինակ «մտքերը» այսօր դարձել են Հայաստանի պետական քաղաքականության և այդ քաղաքականությունը ներկայացնող լրատվական հարթակների «աբոննտով» կոնտենտ։
Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից, որովհետև խաղաղության պայմանագիր կոչվածը մի բան է, որ կարող է ստորագրվել առնվազն Ադրբեջանի համաձայնությամբ։ Ու առհասարակ՝ Հայաստանի ապագան կապում են մի թղթից, որը չի կարող լինել բացարաձկապես և որևէ երաշխիք։ Ու հիմա այս էմիսարները Հայաստանի հանրությանը համոզում են, որ այդ թղթի կտորն է լինելու Հայաստանի ապագան, իսկ անցյալը, որտեղ եղել է Արցախի հաղթանակ, որտեղ եղել է հայկական պետականության ծնունդ և երեք տասնամյակի արժանապատիվ ընթացք՝ այո, իր խնդիրներով, արատներով, թերություններով, լրջագույն բացերով հանդերձ, բայց արժանապատիվ ընթացք, եղել է վատը։
Այդպես են զրոյացնում ազգային ու պետական ինքնագիտակցությունն ու տեղը պատվաստում այլ պետությունների ու ազգերի նարատիվներ՝ գիտակցության փոխարեն, իբրեւ ինքնության իմպլանտ։
Այս մարդիկ իրականում աղավաղում են թե խաղաղություն հասկացությունը, թե հարևանների հետ հարաբերության կարգավորման ընկալումներն ու հասկացությունները, որովհետև հասցնում են իրավիճակը մի ինքնամերժման ծայրահեղության, որը բնականաբար առաջացնում է շատ բնականից եկող հակադրություն՝ մյուս ծայրահեղությունը։
Ու կասկած չունեմ, որ այստեղ նաև կիրառվում է հենց այդ հնարքը Հայաստանի պետականության ու հանրության դեմ, խթանել մի ծայրահեղություն-ինքնամերժում, մեղավորության զգացում, այդպիսով սադրելով մյուս ծայրահեղությամբ ինքնապահպանման բնազդի դրսեւորմանը, ու Հայաստանի հանրությանը, հանրային գիտակցությունը վերցնելով երկու ծայրահեղությունների աքցան՝ սեղմել մինչեւ վերջ։
Ու ամենից խնդրահարույցը այն է, որ Հայաստանի հանրության և դե ֆակտո հայ ժողովրդի հանդեպ կիրառվող այդ երկու ծայրահեղությունների աքցանը տվել են նաև Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության և դրա կարիքները սպասարկող ինստիտուտների ձեռքը»։