կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-04 13:19
Հասարակություն

ՕԵԿ-ականը դժգոհեց փորձագետից, փորձագետն էլ` Հ3-ից

ՕԵԿ-ականը դժգոհեց փորձագետից, փորձագետն էլ` Հ3-ից

Այսօր ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ համայնքների խոշորացման վերաբերյալ:

 

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ, համայնքների խոշորացման ոլորտի փորձագետ Վահան Մովսիսյանը ներկայացրեց իր դիտարկումները, որ որոշ գյուղեր շատ քիչ բնակչություն ունեն, համայնքներ կան, որ ձմռանը տեղափոխվում են այլ գյուղեր, դրանք բյուջե չունեն, եղածն էլ ծախսվում է ապարատի պահպանման վրա: «930 համայնքը խիստ ճոխություն է»,- ասաց նա:

 

Մովսիսյանը նաև նշեց, որ «գյուղապետ» բառն այդպես էլ չձևավորվեց ազգաբնակչության շրջանում, և որ բնակիչները գյուղապետին ասում են «նախագահ», այսինքն` նրանք խնդիրների լուծումը կապում են միմիայն այդ «նախագահ»-ի հետ:

 

«Միակ հարցը, որի պատասխանը ես չունեմ, և ոչ ոք չունի, դա այն է, որ բնակիչը չի հավատում համայնքների խոշորացմանը»,- ասաց նա:

 

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հարցրեց, թե համայնքների խոշորացման գործընթացում նախատեսվո՞ւմ են զարգացման ծրագրեր, դրանք կա՞ն, թե՞ պետք է հետո ստեղծվեն:

 

Վահան Մովսիսյանը պատասխանեց, որ խոշորացման ժամանակ յուրաքանչյուր բնակավայրում լինելու է մեծ ենթակառուցվածքային ծրագիր:

 

Հովհաննես Մարգարյանը նաև դժգոհեց, որ որոշ փորձագետներ ավելի շատ խայտառակ պատասխաններ են տալիս, քան խոսում են թեմայի ու խնդիրների մասին:

 

Որպես պատասխան` փորձագետ Վահան Մովսիսյանը բողոքեց ՕԵԿ-ին պատկանող Հ3 հեռուստաընկերությունից` ասելով, որ երբ իրեն հյուր են կանչել՝ խոսելու համայքների խոշորացման մասին, ապա հնարավորություն չեն տվել լիարժեք արտահայտվելու, և որ հաղորդավարն իրեն է դրել փորձագետի տեղ ու դատողություններ արել:

 

Հովհաննես Մարգարյանն էլ արձագանքեց, որ լավ կլինի` փորձագետն իր տեղը զիջի Տերտերյանին, որ նրա տեսակետն էլ կարողանան լսել: