կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-16 16:55
Քաղաքական

Փողը գտնվել է. ընդդիմությունն ու իշխանությունը ընդհանուր լեզու են գտել

Փողը գտնվել է. ընդդիմությունն ու իշխանությունը ընդհանուր լեզու են գտել

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով 4+4+4 ձևաչափով` ընդդիմության և իշխանության` որոշ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալու հավանականությանը, վստահեցրեց, որ գործընթացը սկսելիս իրենք պատրաստ են եղել առողջ առաջարկների և ոչ կարծրացած տեսակետների ընդհանրացման:

«Մենք ունենք տարբեր մոտեցումներ, տարբեր կարծիքներ: Քննարկումների արդյունքում երկուսս էլ պետք է փոքր-ինչ կարողանանք մեր տեսակետները մոտեցնել, ունենալ ընդհանուր տեսակետներ, և կարծես թե մենք գրանցեցինք հաջողություն»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` 5 հարցադրումներից 4-ի պատասխանը իրենք տվել են, միակ հարցը մնացել է «ռեյտինգային» կոչված գաղափարը, որի հետ կապված` չունեն ընդհանուր մոտեցում:

Սահակյանը գործընթացը դրական գնահատեց և ասաց. «Կարծում եմ` բավական լուրջ ճանապարհ անցանք այս ընթացքում, դա մեծ վստահություն կարող է ներշնչել, եթե ամբողջ քաղաքական համակարգը, քաղաքացիական հասարակությունը համախմբվի այս առաջարկի շուրջ, կունենանք ընդհանուր մեկ հայտարարություն, դրա հիման վրա էլ նաև արտահերթ նիստ կհրավիրենք և ԸՕ-ում համապատասխան փոփոխություններ կիրականացնենք»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության հետ մինչև ԸՕ-ի ընդունումը համաձայնության չեկան, նա նշեց, որ այն ժամանակ բազմաթիվ հարցեր և խնդիրներ կային, որոնք քննարկվել են:

«Կարևորը, որ դոնոր կազմակերպություններն իրենց հավանությունը տվել են, եթե ունենանք ընդհանուր մոտեցում այդ խնդիրները լուծելու համար, կֆինանսավորեն»,- ասաց ՀՀԿ-ականը՝ հավելելով, որ իրենք բազմիցս նշել են, որ շատ հարցերի շուրջ համամիտ են ընդդիմության հետ, բայց ֆինանսավորման, տեխնիկական ապահովվածությունը պետք է երաշխավորի միջազգային հանրությունը, և որ իրենք կարողանան համատեղ այդ դոնոր կազմակերպությունը գտնել: Հիմա կարծես թե գտել են. սա էր, որ մեծ ազդեցություն ունեցավ հարցի դրական լուծման համար:

Պատգամավորը նշեց՝ որպես իշխող թիմի ներկայացուցիչ և հարակից զեկուցող` հանձնաժողովի նախագահ` ընդդիմության այս առաջարկների հետ կապված բազմաթիվ խնդիրներ է տեսնում և չի պատկերացնում, թե ինչ մեխանիզմներով են դրանք իրականացնելու, բայց, հանուն ընդհանուր շահի, փորձելու են այդ խնդիրների լուծումը գտնել:

Հիշեցնենք, որ երեկ կայացած քննարկումների ժամանակ ընդդիմությունը, իշխանությունը եւ քաղաքացիական հասարակությունը ընդհանուր հայտարարի են եկել: Տես՝ այստեղ: