|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Արցախի կարգավիճակի հարցը պիտի լուծվի հիմնախնդրի համակողմանի լուծման շրջանակում: Այսպիսի պատասխան է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Վաշինգտոնը Արցախի ճանաչման շուրջ վերջին զարգացումների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում Արցախը ճանաչելու մասին օրինագիծը ընդգրկելու վերաբերյալ:
«Միացյալ Նահանգները, ինչպես և միջազգային հանրության մյուս սուբյեկտները, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կլուծվի համակողմանի լուծման շրջանակում: Մենք կողմերին հորդորում ենք շիտակ մղումներով վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, որպեսզի հասնենք տևական կարգավորման»,- նշել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ամերիկացի սենատոր Մարկ Քիրքի հայտարարությունը, որ ադրբեջանական ագրեսիայի ցանկացած ակտ այսուհետ ուժեղացնելու է այն փաստարկները, որ ԼՂՀ-ն պիտի շարժվի Կոսովոյի ճանապարհով, Ջեյմս Ուորլիքը պատասխանել է. «Սենատոր Քիրքի ասածի հետ կապված բոլոր հարցերը մենք կուղղեինք սենատորի աշխատակազմին: Մեր դիրքորոշումն այն է, որ կողմերը պետք է խստիվ պահպանեն հրադադարը և անհապաղ ձեռնամուխ լինեն համակողմանի լուծմանն ուղղված բանակցությունների»: