Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով հանդես գալուն, նշեց, որ այն, ինչ նրանք նախօրոք հայտարարել էին, փաստաթղթի տեսք ստացավ:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք իշխող Հանրապետականը ընդդիմադիր այս դաշինքին համարում է լուրջ մրցակից, Դավթյանն արձագանքեց. «Լուրջ կամ ոչ լուրջ, այնուամենայնիվ, մրցակից են»:
Հարցին ՝ արդյո՞ք այդ երեք ուժերի դաշինքը իշխանությունների պատկերացրած ընդդիմությունն է, քանի որ միշտ իշխանությունները հայտարարել են, որ ուզում են ավելի ուժեղ ընդդիմություն, պատգամավորը պատասխանեց. «Ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ ընդդիմությունն է, կամ՝ հակառակը: Դա մարմնի երկու ձեռքերն են, և երկու ձեռքերը պետք է հավասարազոր լինեն: Թե ինչպիսի՞ն կլինի երեք ուժերի կողմից ձևավորված ուժը, մանավանդ երեկ նշվեց, որ կարող է մեկ կուսակցության հիմք հանդիսանալ: Առաջիկա ընտրությունները լավ քննություն կլինեն»:
Yerkir.am-ի դիտարկմանը՝ ՀՀԿ-ն միշտ քննադատել է ընդդիմությանը՝ թույլ է, իսկ նրա խոսքից՝ ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ ընդդիմությունը, ստացվում է, որ ՀՀԿ-ն ինքնաքննադատությունն է արել, Դավթյանն արձագանքեց. «Իմ խոսքից հասկացեք հետևյալը` իշխանություն, թե` ընդդիմություն, մանավանդ, որ ընտրությունների շեմին ենք, փոխադարձ նշանառության տակ են մեկս մյուսին պահում: Բայց այդ նշանառությունը պետք է այնպիսին լինի, որը չհարվածի պետությանը երկուստեք, սա է գլխավորը, որ և' իշխանությունը, և' ընդդիմությունը իրենց գործողություններում հաշիվ պիտի տան»:
Մեր այն դիտարկմանն էլ` արդյո՞ք տալիս են հաշիվ, պատասխանեց. «Կարծում եմ` այո»:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի վերադարձին և այն հարցին` արդյո՞ք այդ դեպքում էլ հնարավոր կլինի Հանրապետականի հաղթանակը, Դավթյանը նշեց, որ ՀՀԿ-ն այդ դեպքում էլ է հավակնում լինել առաջատարը:
Պատգամավորը նաև ընտրական գործընթացների կանխատեսում արեց: Ըստ նրա՝ ընտրական գործընթացներն առողջ են ընթանալու, և իրենք ցանկանում են անցկացնել անբիծ ընտրություններ, իսկ իրենք դա ապահովելու քաղաքական կամք կունենան: