կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-06 18:01
Քաղաքական

Ըստ Գալուստ Սահակյանի՝ ընդդիմությունն այնպես պետք է անի, որ գյուղացին տարվա մեջ երկու անգամ եվրոպական երկրներում հանգստանա

Ըստ Գալուստ Սահակյանի՝ ընդդիմությունն այնպես պետք է անի, որ գյուղացին տարվա մեջ երկու անգամ եվրոպական երկրներում հանգստանա

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գիտի, թե ինչ պետք է անի ընդդիմությունը` Հայաստանի քաղաքական դաշտում արդյունքի հասնելու համար: Նա կարող է հուշել հաջողության հասնելու բանաձևը: Yerkir.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը կարող է լծակներ կենտրոնացնել իր ձեռքում, եթե շատ շփվի հասարակության հետ:

 

Նրա խոսքով` ընդդիմությունը ոչ թե պետք է հայտարարի` «եկեք, տեսեք՝ հիմա ինչ ենք անելու», այլ ընդդիմադիր գործիչները իրենք պետք է գնան դեպի հասարակությունը: «Պիտի գնան բոլոր գյուղերով ու քաղաքներով, տարածեն իրենց տեսակետները: Պետք է իրենց թիմն ընդլայնեն, մի տեղ գնան բժիշկ աշխատեն, մի տեղ` ուսուցիչ, համայնքի ղեկավար: Բայց ոչ մեկը չի ուզում պետության հեռավոր գյուղերում ու քաղաքներում իր ներկայացուցիչներն ունենալ: Ընդդիմության ներկայացուցիչները միայն ուզում են նախագահ դառնալ: Հլա մի հատ գյուղապետ դարձեք, մի 3 տարի էդ գյուղը շենացրեք, ասեք` այ, տեսեք, մենք եկանք ու մեր միջոցներով, մեր ձեռքերով շենացրեցինք ու ջուր էլ ունենք, լույս էլ ունենք, տարվա մեջ էլ գյուղացին երկու անգամ գնում ա հանգստանալու տարբեր եվրոպական երկրներ»,- ասաց Գալուստ Սահակյանը` պնդելով, որ ընդդիմությունը պետք է ժողովրդի հետ շատ շփվի ու շատ աշխատի:

 

Այնինչ, պատգամավորի խոսքով, ընդդիմությունը ժողովրդի հետ աշխատում է Մարտի 1-ի նախօրեին` հիշատակելով ժողովրդի համար ցավոտ օրերը, կամ էլ ժողովրդի հետ փորձում են աշխատել ընտրություններից առաջ: Ուստի, Գալուստ Սահակյանի համոզմամբ, ոչ թե ժողովրդին պետք է կանչել հանրահավաքների, այլ գնալ դեպի ժողովուրդը:

 

Նշենք, որ նախորդ քառօրյայի ժամանակ, ելույթ ունենալով ՀՀԿ խմբակցության անունից, Գալուստ Սահակյանը սուր քննադատության էր ենթարկել ընդդիմությանը՝ ասելով. «Մայդանը թող ձեր հոր բոստաններում լինի»: Հաջորդ առավոտյան այլընտրանքային՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնվեցին հիվանդանոցում` տարբեր առողջական խնդիրներով: Արդյո՞ք նրա այս խոսքը ազդել է ընդդիմադիրների վրա, մեր կատակ-հարցին Գալուստ Սահակյանը այսպես պատասխանեց. «Բայց Մայդանի մասին խոսել է Լևոն Զուրաբյանը, ես կայքերում տեսա: Այսինքն՝ մարդը պետք է իր հիմար գոյությունը քարշ տա, որ արյուն տեսնի՞, դրա համար էլ ես այդպես հակադարձեցի»: