Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տուլայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը տեխնիկական խնդիրների, օրենսդրական բացի հետևանքով տեղի ունեցավ, և դա ընդունում է նաև նախարարը. այսօր լրագրողներին ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` տրանսպորտային միջոցների օրենսդրությունը պետք է բոլորովին այլ ձևով կարգավորվի, վարորդները պետք է այլ պատրաստվածություն ունենան:
Ըստ Հովհաննիսյանի` օրինակ՝ Տուլայում տեղի ունեցած վթարի պատճառներից մեկը օրենսդրության թերացումն է: «4,5 ժամ վարելուց հետո պետք է 45 րոպե առնվազն հանգիստ մնալ, իսկ 24 ժամից հետո վարորդները հանգիստ պետք է ունենան հաջորդ օրը, բայց այս պարագայում այդպես չի եղել»,- նշեց ՀԿ նախագահը:
Ի դեպ, նրա կարծիքով` նմանատիպ ողբերգական վթարների պատճառը նաև տրանսպորտի և կապի նախարարության անգործությունն է: Հովհաննիսյանի խոսքով` պետք չէ սպասել, որ տեղի ունենան նմանատիպ դեպքեր, նոր մտածել համապատասխան օրենսդրություն մշակելու մասին:
ՀԿ նախագահն անդրադարձավ նաև ավտոտրանսպորտային միջոցների տեխզննմանը: Նրա կարծիքով` եթե տրանսպորտային միջոցն անցնում է տեխզննումը, բոլորովին պարտադիր չէ դիմապակուն փակցնել այդ կտրոնը:
«Ո՞նց կլինի՝ մարդն անցել է տեխզննումը, թղթաբանությունը արել է և այդ չարաբաստիկ կտրոնը չի փակցրել, ուրեմն ի՞նչ է, պետք է քսան հազար դրամ տուգանվի՞: ՃՈ-ն այդ հոդվածը չի վերանայում, բայց պետք է անպայման վերանայի: Նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովում ես առաջարկներ արել եմ՝ 22 առաջարկ, հենց այդ կետին ևս անդրադարձել եմ: Ինչի՞, կառավարությունը չգիտի՞, որ տեխզննումը ձևական է: Ամբողջ 8 հազար դրամը գնում է բյուջե, օդից գումար են հավաքում` ոչ մի բան չանելով: Արտասահմանցիները ուսումնասիրություն անցկացնելիս պարզապես ապշել էին, թե՝ տեխզննում չեք անում, բայց ասում եք, որ արել եք»,- ասաց Հովհաննիսյանը: