Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ խմբով և ժամանակային մեծ ռեսուրսով աշխատում ենք տրանսպորտի ցանցի բարելավման ծրագրի վրա, որը մեզ համար իրականացրել է անգլիական WYG ընկերությունը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Ծրագիրն ավարտական փուլում է, սակայն մենք ավարտին չենք հասցնում, որովհետև որոշ դրույթներ մեզ համար ընդունելի չեն, և մենք բանակցում ենք այդ ընկերության հետ»,- ասաց նա:
Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջին անգամ, քաղաքապետի ներկայությամբ, ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպում տեղ է ունեցել նախորդ շաբաթ: «Հանդիպման արդյունքում եկել ենք եզրահանգման, որ ծրագրում կա վերանայումների և բարելավումների անհրաժեշտություն` կապված տոմսի սակագնի հաշվարկի հետ: Այս փուլում դեռ ծրագրի մշակման աշխատանքն ավարտված չէ, ու մենք չենք ստորագրում պայմանագիրը, քանի դեռ մեր նախանշված պայմանները, այդ թվում` սակագնի հաշվարկի մոդելը մեզ չեն հրամցվել այնքան պարզ ու մատչելի, որպեսզի կարողանանք գնահատել ստացված պրոդուկտը»,- ասաց փոխքաղաքապետը:
Ճշտող հարցին` խոսքը նախորդ իշխանությունների մշակած ծրագրի մասի՞ն է, նոր ծրագիր չի՞ մշակվել, նա պատասխանեց. «Խոսքը մինչև մեր պատասխանատվությունը ստանձնելը գոյություն ունեցող ծրագրի մասին է»:
Սարգսյանը վստահեցրեց` ընկերությունը խոստացել է, որ մինչև հունվարի վերջը կտրամադրի ամբողջ տեղեկատվական և բացատրական բազան, որի հիման վրա էլ կհասկանան` հնարավո՞ր է գնահատել այն բավարար և կատարված: «Եթե` այո, կստորագրենք, եթե` ոչ, կշարունակենք այնքան, մինչև որ ծրագիրը կգա վերջնական տեսքի այնպես, որպեսզի կարողանանք դա դնել մրցույթի»,- նշեց նա:
Հարցին` ծրագրի ստորագրումից հետո ինչքա՞ն ժամանակ կպահանջվի տրանսպորտային ցանցի բարելավման համար, փոխքաղաքապետը հստակ պատասխան չտվեց: «Ծրագրի ընդունմանը հաջորդում է ծրագրի մեկնարկային և գնահատման աշխատանքը, արժեքը: Դրան հաջորդում է ծրագրի` մրցույթի դրման գործընթացը: Մրցույթն առնվազն վեց ամիս կարող է տևել: Այս պրոցեսից հետո կսկսվեն մրցույթի հաղթողի հետ աշխատանքային բանակցային գործընթացները և այլն»,- ասաց նա:
Դիտարկմանը` նախորդ իշխանությունները վստահեցրել էին, որ տարեվերջին արդյուքններ կտեսնենք, Սարգսյանն արձագանքեց. «Հավաստիացնում եմ ձեզ` նույնիսկ եթե այս պահին ունենայինք պատրաստի ծրագիր, մեկ տարվա ընթացքում քաղաքի տրանսպորտային ցանցի հիմնովին վերափոխումը ֆանտաստիկ կլիներ: Մեկ տարում վերափոխել հնարավոր չէ»: