կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-18 14:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենամեծ խնդիրը ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունն է․ Տիգրան Աբրահամյան

Սյունիքի սահմանի այդ հատվածը եղել է չպաշտպանված եւ ադրբեջանցիների համար հնարավորություն է ստեղծվել դիրքավորվել՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ մամուլի ասուլիսում խոսելով Սև ջրի շրջանում ադրբեջանցիների առաջխաղացման մասին։

«Ամենամեծ խնդիրը ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունն է, որի հետեւանքով ստեղծվել է ծանր իրավիճակ ու Հայաստանը ստիպված է եղել դիմել ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի օգնությանը»,-ասաց նա:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Գեղարքունիքի, Սյունիքի ուղղությամբ, Արցախի իրավիճակի շարունակությունն է՝ համոզված է փորձագետը։ Նա ահազանգում է, որ Ադրբեջանն ուզում է օգտագործել ՀՀ իշխանությունների թույլ լինելը, անգործությունը:

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ շատ հիմար պետք է լինել՝ չօգտվելու համար ստեղծված իրավիճակից։

«Այս իշխանության համար հայրենիք գոյություն չունի, ասում են՝ բանակը պաշտպանում է ժողովրդին, ոչ թե ամայի տարածքները…այս ամենը խոսում է այն մասին, որ մենք ամբողջական հայտնվել ենք մի ծուղակում, որտեղից ելք այս իշխանությունների հետ չկա։ Ես չեմ հանդիպել այսպիսի խայտառակ իրավիճակի ու խայտառակ հայտարարության, որ ԶՈւ-ն հպարտությամբ հայտարարում է այն մասին, որ այնտեղ դիրքեր չեն եղել ու չէին կարող նրանք շրջափակման մեջ հայտնվել»,-ասաց նա:

Վերջին շաբաթվա ընթացքում Տիգրան Աբրահամյանը եղել է Սյունիքում, ասում է՝ իր հետ հանդիպած մարդկանց մոտ խորը մտահոգություն կար։

 «Մարդիկ գիտակցում էին իրավիճակի ողջ խորությունը: Այլ բան է, որ իշխանության ներսում բաժանարար գծեր են ստեղծել, թվում է, թե Սյունիքի խնդիրները սյունեցիներինն է, Ղարաբաղի խնդիրները՝ ղարաբաղցիներինը: Սա սկսվեց այն բանից, երբ ասացին՝ ինչու մեր որդիները պետք է ծառայեն Արցախում․ չհասկացան, որ Արցախում կանգնած հայը պաշտպանում է երեւանցուն»,-նշեց փորձագետը:

Տիգրան Աբրահամյանը առաջարկեց պատկերացնել իրավիճակ, երբ ամեն օր թակում եք հարեւանների դռները՝ սուրճի համար, փողի համար, այսինքն, ոչ մի բան եք:

«Եթե ՀՀ-ն չի կարողանում իր նվազագույն խնդիրները լուծել ու անընդհատ դիմում է իր հարեւաններին, այդ ամենը ունի իր գինը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենք, բայց յուրաքանչյուր երկիր ռեգիոնում ունի իր շահերը»,-արձանագրեց նա:

Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ տարբերակներից մեկն է, որ Սյունիքում ստեղծված իրավիճակը պայմանավորվածության արդյունք էր, որովհետեւ եթե մեր սուվերեն տարածք են մտնում, պետք է որ գերի վերցնեն։

«Մենք ունեցել ենք տարբերակ, երբ իշխանությունը իր որոշումը կայացրել է գաղտնի ու սա էլ կարող ենք դիտարկել որպես պայմանավորվածություն: Երկրորդ տարբերակը այս իշխանությունների ապիկարությունն է. սա արդյունք է ոչ թե ադրբեջանական լկտիության, սանձարձակության, այլ նրա, որ մենք համապատասխան կահավորում չենք արել, դրա համար նոր պահանջներ են դնում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․