Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիդերլանդների հանրային հեռուստատեսության հեղինակային հոդվածների կայքում հրապարակված իր հոդվածում դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի բռնապետի սադրանքներին ԵՄ ոչ համարժեք գործողություններին, ինչը Բաքվի կողմից նոր պատերազմ հրահրելու նախադրյալներ է ստեղծում։
«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական 44-օրյա ագրեսիայի ավարտից ի վեր Ադրբեջանը մշտապես խախտում է փաստաթղթի դրույթները, որով վերջ դրվեց ռազմական գործողություններին: Ոչ համարժեք գործողությունները և Բաքվում իշխող, աշխարհի ամենակոռումպացված և բռնապետական ռեժիմներից մեկին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում է նոր ռազմական բախումների՝ խլելով երիտասարդ կյանքեր։
Ինչպես բազմիցս զգուշացրել եմ, Ադրբեջանի բռնապետը, ոգեշնչված իր անպատժելիությունից, շարունակելու է ագրեսիվ գործողությունները և արդեն իսկ կանգնեցրել է տարածաշրջանը նոր պատերազմի եզրին։
Չդատապարտվելով «Human Rights Watch»-ի կողմից փաստագրված ռազմական հանցագործությունների համար՝ Ալիևն այժմ հպարտորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել է ուժի միջոցով՝ չմտածելով անգամ հետևանքների մասին և համոզված լինելով, որ անձեռնմխելի է ցանկացած տիպի պատժիչ գործողությունից։
Փորձելով մոլորեցնել միջազգային հանրությանը և արդարացնել իր մեղքերը, Ադրբեջանը սկսել է հայելային մեղադրանքներ ներկայացնել, քանի որ դա լավագույն միջոցն է միջազգային հանրության ուշադրությունն իր գործողություններից շեղելու համար: Ավելին, ի պատասխան բոլոր ռազմագերիներին և որպես պատանդ պահվող քաղաքացիներին ազատ արձակելու միջազգային հանրության պահանջներին՝ Բաքուն վերջիններիս դեմ սկսել է իրականացնել կեղծ դատավարություններ՝ հիմնված շինծու մեղադրանքների վրա։ Ի հակադրություն նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն բոլոր ռազմագերին և որպես պատանդ պահվող անձանց վերադարձնելու իր պարտականությանը՝ Բաքուն առաջ է քաշել ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգը։
Այդ կեղծ օրակարգն ավելի ընդլայնվեց ԵՄ պաշտոնյաների քաջալերող հայտարարությունների միջոցով, ովքեր «ծափահարում էին ականապատ տարածքների քարտեզների և ռազմագերիների փոխանակումը», այցելում էին Ալիևին Բաքվում՝ պատրաստակամություն հայտնելով սովորականի պես շարունակել համագործակցությունը բռնապետի հետ, որի կոռումպացված դաշնակիցները եվրոպական դատարանների դատապարտվում են Ալիևի տարիներով կաշառվելու համար։
Ոգեշնչված իր անպատժելիությամբ՝ Իլհամ Ալիևն ամրապնդել է տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ՝ խոստանալով վերադառնալ «իր նախնիների երկիրը»։ Ավելին, այս նկրտումների մասին նա խոսում է Եվրոպական խորհրդի նախագահի կողքին կանգնած և ապա «գովաբանում» վերջինիս «կարգավիճակ» և «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունները չօգտագործելու համար՝ նշելով, որ Հայաստանը պետք է դրանից հետևություններ անի:
Սա ակներև է դարձնում այն հանգամանքը, որ ԵՄ-ի՝ «շարունակել, ասես ոչինչ չի եղել» մոտեցումը, չեզոք դիրքորոշումը և «երկու կողմերին ուղղված կոչերը» ոչ միայն չեն նպաստում կայունության, այլև խրախուսում են Ադրբեջանին ավելի ագրեսիվ լինել ինչպես իր հռետորաբանության, այնպես էլ՝ գործողությունների մեջ: Ալիևը, վստահ լինելով, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել իրեն, կարծում է, որ ազատ է անել այն ինչ ցանկանում է և չկա որևէ սահման, որն ինքը պատրաստ չէ հատել։
Խնդիրն այն է, որ ԵՄ-ն և իր անդամ երկրները լուրջ չեն վերաբերվում Ալիևի շարունակական սպառնալիքներին և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես ԴԱԻՇ-ից կամ Թալիբանից եկող սպառնալիքների դեպքում էր, կամ երբ մեկ տարի առաջ Հայաստանը նախազգուշացնում էր, որ բռնապետը պատրաստվում է ագրեսիվ պատերազմ սկսել, և, որ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը վտանգված են: Եթե այդ ժամանակ ԵՄ-ն ավելի հաստատակամորեն պաշտպաներ իր իսկ սեփական արժեքները, բռնապետն այդքան հանգիստ չէր լինի վերոնշյալ արժեքների՝ նման բացահայտ ոտնահարման հարցում։
Բրյուսելում և այլուր որոշում կայացնողների համար պետք է պարզ լինի, որ ցանկացած այց Բաքու և Ալիևի ռեժիմի հետ հարաբերությունները «սովորականի պես» շարունակելու ցանկացած խոստում ծառայում է որպես իրավիճակի վատթարացման, սադրիչ և ագրեսիվ գործողությունների իրականացման խթան: Այս առումով, դեսպանների դատապարտելի քարոզչական ուղևորությունը դեպի էթնիկ զտումների ենթարկված Շուշի՝ առանձնահատուկ պատասխանատվություն է պարունակում։
Մինչդեռ, ի տարբերություն ԵՄ-ի «երկկողմանիության» և «չեզոքության» քաղաքականության, Ադրբեջանը ոչ միայն Եվրոպայի կոչերին և ակնկալիքներին հակառակ գործողություններ է անում, այլև միանում է թուրքական սադրանքներին Կիպրոսում՝ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկելով օկուպացված հյուսիսային հատված և խոստանալով ճանաչել այն՝ այդպիսով անտեսելով ԵՄ-ին և վերջինիս արժեքներն ու քաղաքականությունը:
Հատկանշական է նաև, որ Ալիևը փորձում է խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը վերահսկելու նպատակով անկախ դիտորդական առաքելության տեղակայումն այնպես, ինչպես արգելափակել էր այդ գործընթացը 2016 թվականին։ Այս ամենը շատ ակնհայտ բացատրություն ունի․ դիտորդներ պետք չեն այն կողմին, որը պատրաստվում է նոր պատերազմի։ Նոր ռազմական գործողությունները հրահրվում, սրվում և կազմակերպում են նրա կողմից։
Եվրոպացիները պետք է լուրջ վերաբերվեն տարածաշրջանում առկա ծայրահեղ վտանգավոր իրավիճակին և գործեն դրան համահունչ: Նրանք պետք է միասնական լինեն այն արժեքների պաշտպանության հարցում, որոնց հավատում են, ինչը պահանջում է ագրեսիվ գործողությունների նվազեցմանն ուղղված հստակ քայլեր։ ԵՄ պատժամիջոցները՝ համաձայն Ներկայացուցիչների պալատի բանաձևերի, միակ միջոցն են Ադրբեջանի ղեկավարին ստիպելու, որպեսզի վերջինս հարգի միջազգային իրավունքը։
Ցավոք, մենք հետ չենք բերի Ալիևի ռեժիմի կողմից սպանված տղամարդկանց և տղաներին, կանանց և երեխաներին, բայց կարող ենք այնպես անել, որ Իլհամ Ալիևն ու նրա շրջապատը և մարդու իրավունքները նման ձևով ոտնահարողներն արդարադատության առջև կանգնեն»: