կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 11:35
Հասարակություն

Տրանսպորտի նախարարության արձագանքը Գյումրու ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Տրանսպորտի նախարարության արձագանքը Գյումրու ողբերգական ավտովթարի կապակցությամբ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

 

«Գյումրի- Երևան Մ-1 ավտոճանապարհի 107-րդ կիլոմետրում՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում, որտեղ նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ճանապարհային ոստիկանության համատեղ որոշմամբ՝ երթևեկությունը կարգավորելու համար տեղադրված են եղել ճանապարհային երթևեկության բոլոր անհրաժեշտ նշանները:

 

Մասնավորապես, Մ-1 ավտոճանապարհի վրա տեղակայված է 2.1 «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանը, իսկ Հ-21 ավտոճանապարհի վրա՝ մինչև Մ-1 ավտոճանապարհի խաչմերուկին մոտենալը, հաջորդաբար տեղակայված են 70, 50, 30 նշանակություններով 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշաններ, իսկ դրանցից հետո՝ խաչմերուկին մոտ տեղակայված են 2.4 «Զիջեք ճանապարհը» և 2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշանները:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հանձնարարությամբ արդեն 2 տարի գործում է աշխատանքային խումբ, որը ՀՀ ճանապարհային ցանցի ողջ երկայնքով կատարում է ճանապարհների վթարային և վտանգված հատվածների ուսումնասիրություն։ Գյումրի - Երևան ավտոճանապարհի տվյալ հատվածում ճանապարհային ծածկի վթարային իրավիճակ չկա։ Ասֆալտապատումը գտնվում է երթևեկության համար նորմալ վիճակում և չէր կարող վթարի պատճառ դառնալ։

 


«Գյումրի - Երևան» թիվ 359 միկրոավտոբուսային երթուղով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթը կայացել է 2013թ հունիսի 28-ին: Այդ երթուղում ընդգրկված միկրոավտոբուսները լիարժեք համապատասխանում են ՀՀ կառավարության թիվ 762 որոշմամբ սահմանված մրցութային կարգի պահանջներին։


Վթարի ենթարկված միկրոավտոբուսը վերջին տեխնիկական զննությունն անցել է 2014թ. հոկտեմբերի 29-ին։ Երթուղայինի վարորդը 1977 թվականից վարել է ավտոբուս, վերջին տասը տարում աշխատել է տվյալ երթուղում»։

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում ողբերգական պատահարի հետևանքով զոհվածների հարազատներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Միաժամանակ անընդունելի ենք համարում դժբախտ պատահարի վերաբերյալ հնչող ոչ մասնագիտական եզրահանգումներն ուշահարկումները։