Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Իջևանի նախկին փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հաշվի առնելով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմանները, որոշել էի այս օրերին մոլորակի բնակչությանը թերևս ամենաշատը անհանգստացնող ու հետաքրքրող թեմայի մասին գրառում չանել, սակայն մեր այս փոքր երկրում վարակակիրների օրեցօր աճող տվյալներն ինձ թույլ չեն տալիս լռել.
Ես չգիտեմ այսօրվա մեր իշխանություններն ինչ որ ռազմավարություն ունե՞ն արդյոք այս վարակի տարածումը կանխարգելելու հետ կապված թե ոչ, բայց մի բան հստակ է, որ վերջիններիս աշխատելաոճը ցույց է տալիս, որ նրանք իրավիճակի լրջությանը չեն տիրապետում և իրենց այս անգործությունն ու անլուրջ վերաբերմունքը երկիրը տանելու է լուրջ փորձությունների, որն անշուշտ շատ մտահոգիչ է: Մեր հասարակության մի զանգված էլ այս ամենի մեջ մեղադրում է այն մարդկանց, ովքեր իբր չեն ենթարկվում պարետատան որոշումներին: Այստեղ հարց է առաջանում. իսկ ո՞վ պետք է պարտավորեցնի քաղաքացիներին՝ ենթարկվել այդ որոշումներին: Իհարկե պետությունը և մյուս պատկան մարմինները, որոնք այսօր անգործություն են ցուցաբերում: Ոմանք էլ մատնանշում են, թե իբր հայի տեսակը չենթարկվող տեսակ է և դժվար է նրան պարտադրելը: Մի մասն էլ Վրաստանի օրինակն է բերում, թե ինչպես են հարևան պետության քաղաքացիները հարգում իրենց երկրում հայտարարված արտակարգ դրությունն ու ենթարկվում դրանից բխող խստացված ռեժիմի պայմաններին ու պարետատան որոշումներին և այլն, և այլն:
Հարգելիներս, Հայաստանի սահմաններից դուրս, աշխարհի տարբեր երկրներում ապրում են մայր հայրենիքի բնակչության թիվը ավելի քան երեք անգամ գերազանցող ազգությամբ հայ քաղաքացիներ, որոնք հարգում և անվերապահորեն ենթարկվում են իրենց իսկ պետության օրենքներին, քանի որ այդ օրենքներն անհամեմատ ավելի խիստ են, իսկ իշխանություններն էլ իրենց հերթին հետևողական են դրանց կատարման ընթացքին: Նույն Վրաստանում ապրող քաղաքացիների մի զգալի մասը հայեր են, որոնք նույնպես ենթարկվում և անվերապահորեն կատարում են այդ երկրի օրենքների պահանջները՝ ինչպեսև մյուս երկրներում:
Օրինակ՝ Վիետնամում, որտեղ բնակվում է 93 միլիոն մարդ և որը գտնվում է Չինաստանի հարևանությամբ, մինչ օրս հաստատվել է Կորոնավիրուսի 270 դեպք, որից բուժվել է 222 -ը: Իսկ այս պահի դրությամբ փաստացի վարակված է ընդամենը 48 մարդ և գրանցվել է զրո մահացության դեպք: Վիետնամի իշխանություններն իրենց հաջողության հիմնական գրավականը համարում են այն, որ իրենց պետության ներսում քաղաքացիների տանից դուրս գալու պարագայում, և առհասարակ հանրային վայրերում պարտադիր է բժշկական դիմակ կրելը, իսկ այն քաղաքացին, որն առանց բժշկական դիմակի տանից դուրս կգա և ինչ որ շփումներ կունենա արտաքին աշխարհի հետ՝ համարվում է պոտենցիալ վարակակիր, որն էլ նախատեսում է ազատազրկում՝ մինչև 12 տարի ժամկետով: Ինչպես բոլորս գիտենք, բժշկական դիմակ կրելը նախևառաջ կարևոր է նրանով, որ եթե մարդը վարակված է, սակայն դեռևս գտնվում է գաղտնի շրջանում և անգամ ինքը տեղյակ չէ այդ մասին՝ դիմացինին վարակելու հավանականությունը հասցվի նվազագույնի: Հետևաբար՝ կարծում եմ պատահական չէր, որ վարակի լայնածավալ տարածումից առաջ ինչ-որ դեռևս անհայտ ուժեր ամբողջ աշխարհից կազմակերպված ձևով հավաքեցին բժշկական դիմակների գրեթե ողջ պահոցը:
Հաշվի առնելով վերոգրյալները, ինչպես նաև համադրելով աշխարհի շատ պետությունների արդյունավետ փորձը, կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության պարետատանը՝ լուրջ վերաբերվել մարդկության լրջագույն չարիք դարձած այս վարակին, անհապաղ սահմանել խիստ կանոններ և հետևել դրանց պատշաճ կատարմանը: Անհրաժեշտ է մշակել այնպիսի ռազմավարություն, համաձայն որի ՀՀ քաղաքացիները պարտադրված կլինեն ենթարկվել պարետատան որոշումներին, իսկ այն քաղաքացիները, ովքեր կփորձեն խախտել պարետի որոշումները կամ չենթարկվել արտակարգ դրությունից բխող կարգ ու կանոնին, առաջարկում եմ 3 օրով մեկուսացնել: իսկ նույն անձի կողմից կրկնվելու դեպքում այդ անձի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ ընդհուպ մինչև կալանք՝ երկու, կամ, ասենք երեք ամիս ժամկետով, որից հետո, վստահ եմ՝ որևէ մեկի մտքով չի անցնի չկատարել պարետատան որոշումը:
Հարգելի՛ իշխանություններ, լրջացեք, քանի դեռ ուշ չէ:
Հ.Գ. Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին՝ իրենց անձնուրաց ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հավաստիացնել, որ նրանց աշխատանքները կլինի առավել արդյունավետ, եթե հանրության մեջ խստագույնս պահպանվի և հետևողականորեն պարտադրվի արտակարգ ռեժիմի պահանջները:
-Առողջություն բոլորիս»: