Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ներկայացնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը:
Գործող օրենքի համաձայն՝ անշարժ գույքի գնահատումը կարող է իրականացվել միայն անշարժ գույքի գնահատողների կողմից, որոնք սահմանված կարգով ստացել են անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական:
Որակավորման վկայական ստանալու համար անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնել ցանկացող անձը քննությանը մասնակցելու համար պետք է վճարի պետական տուրք 3000 դրամի չափով եւ անձամբ ներկայանա ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ, ներկայացնելով դիմում-հայտ, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը եւ մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը: Այնուհետեւ` 20 օր հետո հայտատուն պետք է դրական հանձնի որակավորման քննությունը, ինչից հետո, եռօրյա ժամկետում, ստանա վկայական: Ընդ որում` օրենքի 21 հոդվածի պահանջների համաձայն` նշված վկայականը տրվում է երեք տարի ժամկետով, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է 20000 դրամ պետական տուրք:
Այսպիսով` գնահատողի որակավորման վկայականի ստացման բիզնես գործընթացը տեւում է 23 օր, եւ դրա համար հայտատուն վճարում է 23.000 դրամ պետական տուրք:
ՀՀ գործարար միջավայրի բարելավման, անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցողների շրջանում գործունեության իրականացման հետ առնչվող ծախսերի կրճատման տեսանկյունից` անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականի համար գործողության ժամկետ սահմանելը ոչ արդյունավետ է, հատկապես` այն դեպքում, երբ գնահատողը զբաղվել է գնահատման գործունեությամբ, եւ նրա մասնագիտական գիտելիքները դրա արդյունքում ավելանում են, այլ ոչ թե հակառակը:
Ա.Եղիազարյանի խոսքով` իրենք առաջարկում են վերացնել գնահատողի որակավորման քննությունները, քանի որ վկայականի համար գործողության ժամկետ սահմանելը ոչ արդյունավետ է, հատկապես` այն դեպքում, երբ գնահատողը զբաղվել է գնահատման գործունեությամբ, և նրա մասնագիտական գիտելիքները դրա արդյունքում ավելանում են, և ոչ թե ընդհակառակը:
«Էս օղակը ստեղծեցինք, մրից հելանք, ընկանք մրջուրը. քաղաքացին երկու տեղ ա մուծում: Կա՛մ էդ մարմինը պետք ա, կա’մ պետք չի: Եթե պետք ա, պետք ա իրականացվի վերահսկողություն»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ըստ նրա` անշարժ գույքի գնահատողների համար որակավորման քննություններն անհրաժեշտ են, և պետք է վերահսկել ոլորտը, այլապես նույն կերպ կարելի է քաղծառայողների քննությունն էլ հանել:
Ա.Եղիազարյանի կարծիքով` եթե գնահատողների որակավորման քննություն է անհրաժեշտ, ապա քննություն պետք է տան նաև քարտեզագրողները և շատ ուրիշ մասնագետներ:
«Եղիազարյա\'ն, հին վոժդ ես, բայց մեկ-մեկ նենց կիքսեր ես անում, որ ես էլ եմ զարմանում»,- ասաց Վ.Այվազյանը:
Այվազյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը պետք է հանձնաժողովի դրական եզրակացությունով մտնի ԱԺ օրակարգ, բայց պարտադիր քննարկեն:
Ըստ պատգամավոր Թևան Պողոսյանի` խնդիրն ուրիշ տեղում է: Նա նշեց, որ վերջին շրջանում շատ է քննարկվում անշարժ գույքի ոլորտում անօրինական վճարների հարցը: «Էստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, առաջարկում եմ լսումներ կազմակերպել»,- ասաց նա: