Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«2020 թ. մայիսի 24-ը պետք է լավ հիշենք, որովհետև, թերևս, այսօր առաջին անգամ հստակ երևաց իմքայլականության իսկական՝ գազանային երախը։ Փաշինյանը հռչակեց պարետատան թարմ որոշումները, որոնք նախատեսում են ֆաշիստական նոր սահմանափակումներ, իր իսկ խոսքով, «անխնա» պատժողական քաղաքականություն, ներառյալ դիմակահանդեսի ռեժիմի արգահատելի և անհեթեթ չափերի հասնող սաստկացում, տուգանքների և այլատեսակ պատիժների խստացում և ուժգնացում ու անվերջ սպառնալիքներ, սպառնալիքներ, սպառնալիքներ...
Եթե ներկայացնեմ Փաշինյանի ելույթի բուն իմաստը, ապա նա հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին ասում է, փաստորեն, հետևյալը. «Դուք, ՀՀ տխմա՛ր քաղաքացիներ, չեք հավատում ԱՀԿ-ի պատվերով իմ կառավարության հռչակած թագավարակի համաճարակին ու մեր բերած սարսափազդու վիճակագրությանը։ Հետևաբար, դուք ինքնուրույն մտածելու ունակություն չունեք, անգրագետ եք, անպատասխանատու եք և առհասարակ անպիտան արարածներ եք։ Ու քանի որ դուք տխմար եք, իսկ ես ու իմ «իմքայլականները» ձեզանից բոլորից 1000 անգամ ավելի խելացի ենք ու զարգացած, ուրեմն մենք ՈՒԺՈՎ ԿՍՏԻՊԵՆՔ ՁԵԶ հարգել մեզ՝ ընտրյալներիս, ու մեր (դրսից մեզ պատվիրված) անբեկանելի որոշումները»։
Եթե այսօր փաշինյանական խունտան հայ ժողովրդին անխնա պատիժների ու բռնաճնշումների է ենթարկում՝ առանց ստուգվող վիճակագրություն ու համոզիչ փաստեր ներկայացնելու, ապա դյուրությամբ կարելի է կռահել, թե ինչ է այդ խունտան անելու վաղը։
1. Փաշինյանական խունտան արդեն շատ շուտով պարտադրելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին սրսկվել օտար արտադրության և անհայտ պարունակության պատվաստանյութով՝ իբր թագավարակից պաշտպանվելու նպատակով։ Չհնազանդվողներին տուգանելու են, աշխատանքից հեռացնելու և ձերբակալելու՝ ասելով. «Դուք, տխմարնե՛ր, բոլորդ դավադրության տեսության կողմնակից եք։ Սսկվեք ու տեղից չշարժվեք, հիմարնե՛ր»։
2. Փաշինյանական խունտան վավերացնելու է Ստամբուլյան կոնվենցիան՝ ասելով. «Դուք, ՀՀ ապու՛շ քաղաքացիներ, հետամնաց եք ու խավարամիտ, իսկ մե՛նք, իմքայլականներս, ձեզանից լավ ենք հասկանում, թե ինչ է հասարակական առաջընթացը։ Սսկվե՛ք ու տեղից չշարժվե՛ք, հիմարնե՛ր», այլապես՝ տուգանքներ, հավաքների արգելքներ, ոստիկանություն, ձերբակալություններ։
3. Փաշինյանական խունտան հանձնելու է Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախն ամբողջությամբ՝ ասելով. «Դուք, ՀՀ անխե՛լք քաղաքացիներ, չեք հասկանում մեր խորիմաստ դիվանագիտության ու կյանքեր փրկող խաղաղասիրական քաղաքականության ողջ փայլն ու իմաստությունը»։ ԶԼՄ-ները զօրուգիշեր դարձյալ վախեցնելու են սարսափազդու հետևանքներով՝ ասելով, թե, «եթե չհանձնենք այս անպետք տարածքը, ապա կունենանք 200,000 զոհ, 500,000 վիրավոր ու հաշմանդամ, բոլորս կկործանվենք, բոլորիս կկոտորեն։ Դուք աննորմալ եք ու խելագար, եթե ցանկանում եք պատերազմել հզոր Ադրբեջանի դեմ»։ Ու դարձյալ տուգանելու են, հավաքներն արգելելու, ոստիկանություն ու զորք փողոց հանելու, ձերբակալելու։ Ու նորից պարզ ասելու են. «Դուք, ՀՀ խելագա՛ր և անպատասխանատու՛ քաղաքացիներ, պետք է հնազանդվեք մեր որոշումներին, ճիշտ այնպես, ինչպես հնազանդվեցիք ու դիմակներ կրեցիք ու հիվանդ դարձաք։ Եվ ճիշտ այնպես, ինչպես սուսուփուս պատվաստվեցիք ու գերադասեցիք դանդաղ մահանալ, քան թե տուգանվել»։
4. Փաշինյանական խունտան ապամոնտաժելու և քանդելու է դպրոցներն ու ԲՈՒՀ-երը՝ տանելով բոլորին դեպի անկատար ու ցնորաբանական «հեռավար կրթություն», այլ կերպ ասած՝ դեպի անգրագիտություն ու ստրկություն։
5. Փաշինյանական խունտան փակելու է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան՝ իր բոլոր ինստիտուտներով հանդերձ։
6. Փաշինյանական խունտան կնքելու է Թուրքիայի հետ դավաճանական հին արձանագրությունները՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը, հրապարակավ ճանաչելով Թուրքիայի սահմանները և այդպիսով օրինականացնելով ցեղասպանության հետևանքները։
7. Փաշինյանական խունտան օրինականացնելու է մարիխուանայի վաճառքը և նույն ոստիկանական ու վարչական եղանակներով լռեցնելու է ընդդիմացողներին։
8. -----------------
9. ------------------
Կարճ ասած՝ Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամիներին առանց մեկ փամփուշտ իսկ արձակելու։
Կհասկանա արդյո՞ք մեր հասարակությունը, թե ինչ են նշանակում այսօր թագավարակի սահմանափակումները բոլորիս համար, Հայաստանի պետության համար ու ինչ կործանարար հետևանքներ դրանք կարող են ունենալ արդեն ամենամոտ ապագայում։ Սա առայժմ մեծ հարց է»։