կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-14 18:02
Քաղաքական

Առաջնայինը միասնական, հստակ, կոմպետենտ թիմի ստեղծումն է. Վարդան Այվազյան

Առաջնայինը միասնական, հստակ, կոմպետենտ թիմի ստեղծումն է. Վարդան Այվազյան

Նոր կառավարության գործելաոճի մեջ փոփոխություն կարճ ժամանակահատվածում կդիտարկվի, կառավարության կողմից մշակված տնտեսական ծրագրերի իրականացման մեխանիզիների մեջ փոփոխություն կլինի, բայց ծրագրերը կլինեն շարունակական. Yerkir.am-ին այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

 

Թե կոնկրետ ինչ մեխանիզմներով ինչ խնդիրներ են լուծելու նոր վարչապետն ու նրա ձեւավորած կառավարությունը, նշեց պատգամավորը, դա ամբողջապես արտահայտված կլինի ներկայացվելիք ծրագրում' հաշվի առած նաեւ կողմնակի  առաջարկությունները, եւ չարժե վաղօրոք դատողություններ անել այդ առումով:

 

Ընդհանուր առմամբ, Վարդան Այվազյանն ուշադրություն հրավիրեց մի կարեւոր հանգամանքի վրա' իր մոտեցումները ներկայացնելու ժամանակ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթում նշեց, որ, լուրջ պատասխանատվություն ստանձնելով, ինքը բաց է լինելու բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների, փորձագետների համար, հասարակության հետ քննարկելու է ցանկացած հարց:

 

«Մի շատ կարեւոր միտք ասաց Հովիկ Աբրահամյանը, որ նոր կառավարության առաջնահերթ գերխնդիրը քաղաքացու բարեկեցության եւ արժանապաիվ կյանքի ապահովումն է: Այսինքն' բարեկեցության առաջնահերթության պարագայում տնտեսական զարգացումը, տնտեսության աճը, բյուջեի համալրումը, հարկերի հավաքագրումը չեն կարեւոր, բոլորը պետք է ծառայեն մեկ խնդիր' ՀՀ քաղաքացու արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքին: Այսինքն' ոչ թե քաղաքացիական հասարակության ձեւավորումը, ոչ թե քաղաքական համակարգը, ոչ թե տնտեսական աճը, այլ `քաղաքացու բարեկեցիկ կյանքը, սա շատ կարեւոր շեշտադրում է, սա հռչակեց արդեն նոր կառավարության ղեկավարը: Սրա իրականացման մեխանիզմները բազում են: Դա կարող է լինել` թե' փոքր ու միջին բիզնեսին արտոնությունների ու խրախուսման ռեժիմների սահմանման ուղիով գնալով, թե' սոցիալական արդարության, տնտեսական արդարության եւ այլն»,- ասաց Վ. Այվազյանը:

 

Նորանշանակ վարչապետի հայտարարած առաջնահերթությանը հասնելու համար ամենակարեւոր հանգամանքներից մեկը, նշեց ՀՀԿ-ական պատգամավորը, գործունակ թիմի ձեւավորումն է եւ կառավարության վստահության ռեսուրսի վերականգնումը:

 

«Միասնական, հստակ, կոմպետենտ թիմի ստեղծումն է' անձնական պատասխանատվության կիրառմամբ, դա էլ է կարեւոր: Այսինքն` պատասխանատվության մեխանիզմը հստակեցվում է»,- պարզաբանեց Վարդան Այվազյանը: Իսկ կառավարությունը մի թիմ է, եւ կառավարության ցանկացած անդամ պատասխան է տալիս ամբողջ կառավարության գործունեության համար:

 

Վարդան Այվազյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանին ճանաչում է վաղուց, դեռեւս այն ժամանակից, երբ նորանշանակ վարչապետը գործարանի տնօրեն էր, հետո' քաղխորհրդի նախագահ, դրանից հետո' երբ քաղաքապետ էր, մարզպետ, պատգամավոր...

 

«Մարդ, որն իր գիտակցական կյանքում անցել է մեր իրականության համարյա բոլոր ոլորտներով, եւ մի կարեւոր հանգամանք եմ ուզում նշել' անկախ որեւէ բանից' չի եղել մի ոլորտ, որտեղ նա արձանագրած չլինի կայացման, հզորացման փաստեր: Բացի նրանից, որ նա լավ կառավարիչ է, այլեւ լավ մարդ է: Այդ երկուսը իրար հետ են: Ես համոզված եմ, որ նա կկարողանա ստեղծել համաձայնության մթնոլորտ, իսկ դա, իր հերթին, կտա այն, որ խնդիրները միասնական կարող ենք լուծել' Ազգային ժողովը' իր բոլոր մասնակիցներով հանդերձ»,- ընդգծեց պատգամավորը' շեշտելով, որ Հայաստանում քաղաքական կոնսոլիդացիան անհրաժեշտություն է:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե վարչապետի դերը, ինստիտուցիոնալ առումով, այնքան էլ ընդգծված չէ երկրի քաղաքական որոշումների կայացման պրոցեսում, եւ նման պարագայում Հովիկ Աբրահամյանի անձը ինչպես կազդի կառավարության գործունեության ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացումների վրա, Վարդան Այվազյանը պատասխանեց երկու բառով. «Միանշանակ` դրական»: